«Լավ էլի» ռոք խումբը, որը հիմնադրվել է 1996 թվականին Վանաձորում, այժմ բավականին մեծ լսարան ունի ու սիրված է ռոքասեր հասարակության կողմից։ Խումբը այս տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների, բայց խմբի անդամները շարունակում են աշխատել և ուրախացնել իրենց երկրպագուներին։
ShowBiz.am–ը զրուցել է «Լավ էլի» խմբի հիմնադիրներ Գոռ Մխիթարյանի և Մհեր Մանուկյանի հետ, պարզել հետաքրքիր և ուշագրավ մանրամասներ խմբի, նրանց գործունեության ու ապագա ծրագրերի մասին։
– «Լավ էլի» խմբի կազմը մշտապես ենթարկվել է փոփոխությունների։ Հիմա ո՞վքեր են մնացել խմբի կազմում և նախկին անդամները ինչու՞ են հեռացել։
Գոռ Մխիթարյան
– Այս պահին խմբում ես եմ ու Մհերը՝ համահիմնադիրները, Բագրատը՝ կիթառահար, ով խմբի հետ է արդեն տասը տարուց ավելի, Տիգրանը՝ Սիմֆոնիկ նվագախմբի կոնտրաբասիստը, ով էլի խմբի հետ է գրեթե տասը տարի ու Շողեր Մանուկյանը՝ մեր թավջութակահարը, հիմնական կազմը այսքանս ենք։
Իսկ ինչ վերաբերվում է խմբի անդամների փոփոխություններին, այն տարբեր ժամանակներում, տարբեր հանգամանքներից է կախված եղել։ Սկսեմ սկզբից․ 1996-ին, երբ խումբը ձևավորվել է, մեր բասիստը Ալյոշա-Ալեքս Ավետիսյանն էր, հետո 1999-ին նա դուրս եկավ գործի բերումով և շարունակեց զբաղվել դասական երաժշտությամբ։ Այնուհետև մեզ միացավ Վահե Տերտերյանը, ով 2004-ին տեղափոխվեց ԱՄՆ ու ստիպված եղավ խմբից դուրս գալ։ Հենց այդ ժամանակ էլ ես ու Մհերը առաջարկեցինք Տիգրանին միանալ մեզ։ Սա մեր բասիստների պատմությունն է․․․ Իսկ ես, երբ 2003-ին տեղափոխվեցի Ամերիկա, խումբը մնաց առանց կիթառահարի և երկրորդ վոկալիստի ու հենց այդ ժամանակ էլ խմբին միացավ Բագրատը։
– Այժմ խումբը որտե՞ղ է ծավալում իր գործունեությունը։ Առաջիկայի համար ի՞նչ ծրագրեր ունեք։
Գոռ Մխիթարյան
– Այս պահին խմբի հիմնական բազան Երևանն է։ Ես ապրում եմ ԱՄՆ-ում, բայց մեծ համերգների համար գալիս եմ ու այստեղ միասին ելույթ ենք ունենում։ Մյուս կողմից էլ ես կազմակերպում եմ համերգներ նաև Ամերիկայում և խմբի մյուս անդամները գալիս են ու մենք շրջագայում ենք ԱՄՆ տարբեր քաղաքներում։
– Ձեր վերջին ալբոմը թողարկվել է 2018 թվականին, դրանից հետո աշխատանքներ տարվու՞մ են նորի ստեղծման ուղղությամբ։
Գոռ Մխիթարյան
– Միշտ էլ տարվում են շարունակական աշխատանքներ։ Մենք աշխատում ենք նոր ալբոմի ու նոր նախագծերի վրա, օրինակ՝ «Լավ էլի և ընկերներ», «Մհեր Մանուկյան և ընկերներ»․․․ Հաջորդ նախագիծը, որը պետք է լինի, ենթադրում եմ՝ եկող տարի, կլինեմ ես, Մհերը և մեր ընկերը, ում հրավիրել ենք ԱՄՆ-ից, երեքով միասին ակուստիկ ալբոմ պետք է թողարկենք։
– Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանում ինչպիսի՞ն են պայմանները ռոք երաժշտության զարգացման համար։ Մրցակցային դաշտն ինչպիսի՞ն է։
Գոռ Մխիթարյան
– Գիտեք, իմ կարծիքով, հիմա ամեն ինչ շատ ավելի լավ է, քան այն ժամանակ, երբ մենք նոր էինք սկսում։ Այսինքն՝ կան ակումբներ, կան անհրաժեշտ սարքավորումներ, կան որակով երաժիշներ, ովքեր խմբեր են կազմում ու առաջ շարժվում։ Երաժշտությունն իր տեղում չի կանգնում, անընդհատ փորձում է նոր լուծումներ ու միջոցներ գտնել։
Կա առողջ մրցակցություն, քանի որ խմբերի քանակը մեծացել է և մեկը մեկին շահագրգռելով՝ փորձում են ավելի լավ բաներ ստեղծել, համերգների դուրս գալ, շրջագայել։ Խմբերի մեջ պայքարը նկատվում է, և դա իրոք գովելի է։
Մհեր Մանուկյան
– Մենք մի մեծ ընտանիքի տրամադրվածություն ունենք։ Հայաստանը փոքր երկիր է՝ քիչ ռոք երաժիշտներով և մեր լսարանն էլ ահռելի չէ, կարելի է ասել՝ կիսելու բան չունենք։ Բայց կա երաժշտական առողջ մրցակցություն, երբ որ մի խումբը հետաքրքիր բան է անում, դա խթան է հանդիասոնւմ ուրիշ խմբերի համար էլ։
– Ձեր երաժշտությունը ինչքանո՞վ է հասանելի արտասահմանցի ունկնդրի համար։
Գոռ Մխիթարյան
– Մեր երաժշտությունը հնարավոր բոլոր մատչելի օնլայն-հարթակներում հասանելի է․ Apple music, Spotify, YouTube, Amazon… մենք բառացիորեն ամեն տեղ ենք։ Ինչպես նաև վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ մենք Հայաստանից հետո մեծ լսարան ունենք ԱՄՆ-ում, հետո Կանադայում, Ռուսաստանում, Եվրոպայում (Գերմանիա), Թուրքիայում, որքան էլ որ զարմանալի է, և այսպես շարունակ։
– Ինչպե՞ս է ստեղծվում Ձեր երաժշտությունը, ովքե՞ր են աշխատում դրա վրա։ Երգերի, ալբոմների թեմատիկան ինչպե՞ս եք ընտրում։
Գոռ Մխիթարյան
– Սկզբից ևեթ էլ երգերի վրա հիմնականում աշխատել ենք ես ու Մհերը, հետո, երբ ես տեղափոխվեցի, այդ ամեն ինչը մնաց Մհերի ուսերին։ Բայց երգեր ունենք, որ ամբողջ խմբով ենք աշխատել վրան կամ մեկը ինչ-որ թեմա է բերել ու բոլորով միասին սկսել ենք մտածել դրա ուղղությամբ։ Միանշանակ չի կարելի ասել, որ ինչ-որ մեկն է շարժիչ ուժը, ամեն մեկն էլ իր բաժինն ունի։
– Առաջիկայում պլանավորու՞մ եք արտերկրում համերգներով հանդես գալ։ Ո՞ր երկրներում կցանկանայիք լինել։
Գոռ Մխիթարյան
– Օրինակ, ես անձամբ շատ կցանկանայի Ճապոնիա գնալ՝ ելույթ ունենալու նպատակով։ Բայց մեր հաջորդ տարվա պլանների մեջ Միացյալ Նահանգներն են, նաև Եվրոպան՝ մասնավորապես Անգլիան, Ֆրանսիան և Գերմանիան։
– Կա ինչ-որ արտիստ կամ խումբ ու՞մ հետ կցանկանայիք համատեղ երգ ձայնագրել։
Գոռ Մխիթարյան
– Այնքան դժվար հարց տվեցիք։ Կան, իհարկե, շատերը կան։ Շատ բարդ է հիմա մի քանիսի անուն նշելը։
Մհեր մանուկյան
– Շատ շատերը կան, մենք նույնիսկ մտածում էինք համատեղ ձայնագրությունների ալբոմ թողարկել։ Կարելի է համագործակցել «Տիեզերք Բենդ»-ի, «Քլոքեր»-ի հետ, առաջարկել ենք նաև «Որդան կարմիր» խմբին, շատ հաճելի կլիներ աշխատել Լիլիթ Պիպոյանի հետ։ Հիմա վախենում եմ ինչ-որ մեկին բաց թողնել, շատ-շատ են լավ երաժիշտները։
– Խմբի հիմնադրման տարիներին ավելի հաճախ էիք ալբոմներ թողարկում, հետո կտրուկ դադար եղավ, ալբոմ թողարկեցիք 2006-ին ու մեկ էլ անցած տարի՝ 2018-ին․ ինչո՞վ է դա պայմանավորված։
Գոռ Մխիթարյան
– Իմ տեղափոխությունը ահագին դեր խաղաց։ Սկզբնական շրջանում բավականին արդյունավետ էինք աշխատում, թողարկելով ալբոմներ, որոնք իրենց մեջ ներառում էին 20-ից ավելի երգեր։ Հետո կտրուկ դադար եղավ մինչև 2018 թվականը։ Բայց ընթացքում շատ բաներ տեղի ունեցան։ Օրինակ՝ ես, գտնվելով ԱՄՆ-ում, այդ ընթացքում տասը ալբոմ ձայնագրեցի, Մհեր Մանուկյանը երկու ալբոմ ձայնագրեց։ Մենք երբեք տեղում չենք դոփել, միշտ էլ ինչ-որ նորություններ ենք ունեցել։
– Դուք խմբում ելույթ ունենալուն զուգահեռ նաև սոլո արտիստի կարիերա էլ եք ծավալում․ ինչպե՞ս եք կարողանում համատեղել։ Սոլո արտիստի կարիերան եք գերադասում, թե՞ խմբում հանդես գալը։
Գոռ Մխիթարյան
– Գիտեք՝ ամեն մեկն իր տեղն ունի։ Երգեր կան, որ զգում եմ՝ պետք է խմբով արվի, այդ երգերը գրվել են հենց «Լավ էլի»-ի համար։ Սոլո արտիստի կարիերան էլ իր տեղն ունի, այդպես ես համագործակցել եմ ամերիկացի արտիստների հետ, դա լրիվ ուրիշ մակարդակ է։ Իր դերն է խաղացել նաև հեռավորությունը, դա մեր գործը մի փոքր բարդացնում է, բայց դե հիմա կա համացանցը ու ամեն ինչ հեշտ է տրվում։ Օրինակ՝ մեր վերջին «Անձրևաշուն» ալբոմը ձայնագրվել է չորս տարբեր երկրներում։
Մհեր Մանուկյան
– Դրանք իրարից այնքան տարբեր են։ Երկուսն էլ շատ հոգեհարազատ են։ Այսպես ասեմ՝ երբ մի բանում հագենում ես, մի ոլորտում, փորձում ես մյուսում քեզ փնտրել։
– Շատերը ասում են, որ Հայաստանում շոու-բիզնես գոյություն չունի, դուք ի՞նչ եք մտածում։ Կա ինչ-որ բան, որը փոփոխության կամ շտկման կարիք ունի։
Գոռ Մխիթարյան
– Համաձայն եմ, ճիշտ են ասում։ Բիզնեսը դա ենթադրում է մեծ շուկա, իսկ Հայաստանում քանի՞ միլիոն մարդ է ապրում, դա շուկա չի։ Մանավանդ այսպիսի որոշակի ուղղվածության երաժշտության համար դա թիվ չէ։
Օրինակ՝ եթե Հայաստանի բնակաչությունը դառնա 100 մլն, դա հնարավոր է՝ ինչ-որ բան փոխի։
Հեղինակ՝ Լուս Ավագյան