Քրիստինա Այանյանն ընդգրկվել է Forbes-ի «30 մինչեւ 30» ցանկում

Ամերիկահայ Քրիստինա Այանյանը, որը 2022 թվականին Հայաստանը ներկայացրել է «Միսս Տիեզերք» մրցույթում, ընդգրկվել է Forbes պարբերականի մինչև 30 տարեկան ամենավառ դեմքերի ցանկում՝ «Մեդիա» անվանակարգում։ Այս մասին գրում է BRAVO.am-ը:

Forbes-ը 26-ամյա Այանյանին ներկայացնում է որպես Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսեր և հաղորդավար. «Նա վարում է ֆինանսական «Live from MarketSite» ամենօրյա հաղորդաշարը՝ զրուցելով գործադիր տնօրենների եւ առաջատար գործարարների հետ՝ քննարկելով ընկերությունների հաջողությունները, բիզնես միտումները ու նորարարությունները:

Նա հարցազրույցներ է վարել Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակի, տիեզերագնաց Դիլան Թեյլորի եւ հայտնի այլ դեմքերի հետ: Նրա օգնությամբ լսարանը հասել է 50 միլիոնի: Նրա աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել համագործակցություն հաստատել Deloitte Fast 500, RedPoint Ventures InfraRed100 և CloudNY ընկերությունների հետ»:

Այանյանն էլ, Ինստագրամի իր էջում անդրադառնալով ուրախալի նորությանը, գրել է. «Ինձ համար մեծ պատիվ է լինել հեղինակավոր Forbes-ի այս տարվա ցանկում: Երջանկությունից յոթերորդ երկնքում եմ: Որպես առաջին սերնդի ամերիկահայ, այս ճանաչումը շատ բան է նշանակում ինձ, ընտանիքիս և իմ համայնքի համար»:

Աղբյուր՝ Bravo.am