«Մեդալի հակառակ կողմ»-ի դերասանական կազմը. առաջինը թիմին միացել է Խորեն Լևոնյանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումներն ընթացքի մեջ են: Ռեժիսոր Աննա Հարությունյանը BRAVO.am-ին պատմել է, որ դերասանների ընտրությունը մանրակրկիտ է կատարվել:

«Ստեղծագործական թիմից բացի, շատ կարևոր էր դերասանական ուժեղ կազմ ունենալ, քանի որ սցենարում պատահական դերեր ու դրվագներ չկան: Ներգրավված դերասանների մասնագիտական ու մարդկային որակներին հանդիսատեսը վաղուց է ծանոթ: Ինձ համար էլ որպես նախագծի հեղինակի՝ այսպիսի կազմն ամուր թիկունք է»,- խոստովանել է Հարությունյանը:

Նազիկ Ավդալյանին մարմնավորում է հենց Աննա Հարությունյանը, դերասանական կազմում են Արտաշես Ալեքսանյանը, Դավիթ Հակոբյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Խորեն Լևոնյանը, Անահիտ Քոչարյանը, Արուսիկ Գրիգորյանը, Սոս Ջանիբեկյանը:

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել Խորեն Լևոնյանի հետ ու գրել. «Խորիկին սիրում են բոլորը: Մարդ, որը երբևիցե չկորցրեց իր նկարագիրը, այս դժվար ժամանակներում հավատարիմ մնաց իր գործին և կոչմանը: Խորիկն առաջինն էր, ով միացավ ֆիլմին՝ անսահման ուժ ու հավատ փոխանցելով ինձ հետագա պայքարի համար»:

Աղբյուր՝ Bravo.am