Սնուփ Դոգի համերգի մուտքն ազատ կլինի՞, թե փակ․ «Դոպինգ Սփեյս»-ի արձագանքը

Հայաստանում ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» կազմակերպությունը բանակցություններ է վարում համերգի անցկացման ժամկետները հստակեցնելու համար։ Այս մասին Tert.am-ին հայտնել է ընկերության համահիմնադիր ղեկավար Հայկ Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ միայն առաջիկայում կարող են հստակ հայտարարել Սնուփ Դոգի հայաստանյան համերգի անցկացման ամիսն ու օրը։ «Նմանատիպ համերգի տեղափոխումը բավականին դժվար պրոցես է։ Աստղն էլ ունի բավականին մեծ ծանրաբեռնվածություն, դրա համար էլ դժվար է այդ գրաֆիկի մեջ տեղավորվելը։ Սակայն, իր կողմից համերգի անցկացման պատրաստակամություն կա»,- նշել է «Դոպինգ Սփեյս» կազմակերպության ղեկավարը։

Հայկ Սիմոյանը չի բացառել, որ Սնուփ Դոգի համերգը կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, ինչպես ավելի վաղ համերգի անցկացումը հավանական էր համարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Հիմա որևէ բան հստակ չեմ կարող պնդել։ Համերգի մասին հնարավորինս շուտ հայտարարելը մեր շահերից է բխում»,- հավելել է նա։

Սնուփ Դոգի համերգի կազմակերպման վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք էր հայտնել, թե համերգի կայացման դեպքում, պետք է բաց լինի՝ հաշվի առնելով պետբյուջեից հատկացումները։

Մինչդեռ Սնուփ Դոգի համերգի կազմակերպիչ ընկերության ղեկավարը չմեկնաբանեց՝ համերգի մուտքն ազատ կլինի՞, թե փակ։ «Այդ հարցով ես բացարձակապես մեկնաբանություն չեմ կարող տալ»,- պնդել է նա։