Էմմա Ուոթսոնը նկարահանվել է Vogue-ի համար և խոսել դերասանական կարիերայից հրաժարվելու մասին

Էմմա Ուոթսոնը նկարահանվել է բրիտանական Vogue-ի շապիկի համար և պատմել, թե որքան ուրախ է, որ դադարեցրել է դերասանական կարիերան։

Դերասանուհու խոսքով՝ թողնելով դերասանական կարիերան՝ նա իրեն շատ ավելի ազատ է զգացել։ Ուոթսոնը կիսվել է, որ երբեմն զգում է, որ այն կերպարները, որոնց նա խաղացել է էկրանին, «շատ ավելի իրական» են, քան ինքը:

«Ես այնքան ուրախ եմ, որ հրաժարվեցի դերասանությունից: Ինձ թվում է, որ ունեմ իմ սեփական ձայնը, ստեղծագործական տարածքը և ազատությունը, որը նախկինում չունեի. ես ավելի ինքնավստահ եմ: Ես այնքան ուրախ եմ, որ թույլ տվեցի ինձ ինչ-որ բաներ թողնել ինքնահոսի, ես ինձ թույլ տվեցի չիմանալ, թե ինչ կլինի հետո: Իմանալով, թե որտեղ եմ հայտնվել՝ ես դա ոչ մի բանի հետ չէի փոխի»,- նշել է դերասանուհին:

Էմման հավելել է, որ կենտրոնանալով իր վրա՝ նոր հայացքով է սկսել նայել Հոլիվուդին, որտեղ անընդհատ շրջապատված է եղել գեղեցիկ ու հաջողակ մարդկանցով։ Ըստ նրա՝ այս ամենից ոչ մեկը նշանակություն չունի, եթե դու դժգոհ ես քեզանից, երբ քեզ վրա ուղղված տեսախցիկներ չկան։

Նա նշել է, որ թողնելով իր կարիերան՝ կարողացել է ժամանակ հատկացնել շատ կարևոր բաների համար. օրինակ՝ ստեղծագործական հմտություններ է սովորում Օքսֆորդում։ «Քանի որ իմ կարիերան այնքան արագ էր առաջ գնում, այլ բաների համար ժամանակ հատկացնելու որոշումը ինձ շատ կարևոր էր թվում»: