Գուրամ Գվասալիան Քանյե Ուեսթին մեղադրել է պլագիատի մեջ

Vetements-ի ստեղծագործական տնօրեն Գուրամ Գվասալիան Քանյե Ուեսթին մեղադրել է պլագիատի մեջ։

Վերջերս Քանյե Ուեսթի Yeezy ապրանքանիշը adidas-ի հետ գործարքի խզումից հետո առաջին անգամ ներկայացրեց նոր կոշիկներ՝ YZY PODS մոդելը, որը շատ է հիշեցնում սովորական գուլպաներ։ Թողարկումն անմիջապես համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց երկու պատճառով:

Նախ, աղմուկը պայմանավորված է գնի պիտակով. մեկ զույգ YZY PODS-ի արժեքը 200 դոլար է: Այս արժեքը տարակուսանք է առաջացրել համացանցի շատ օգտատերերի մոտ։ «200 դոլար գուլպաների համար, սա խենթություն է»,- գրել են սոցցանցերում։

Գուրամ Գվասալիան էլ կրակի վրա յուղ է լցրել. Instagram-ի իր էջում նա տեղադրել է Vetements ապրանքանիշի կողմից ստեղծված կոշիկների լուսանկարներ, որոնք շատ նման են Yeezy- արտադրանքին։ «2019 թվականին Vetements-ի կողմից ստեղծված սպորտային կոշիկների օրիգինալ գուլպաները: Զգուշացեք կեղծիքներից», – մակագրել է դիզայները գրառմանը` հստակորեն նկատի ունենալով Քանյեի խոսքերը, ով YZY PODS-ի նախնական պատվերները բացելիս գնորդներին նաև խնդրել է «զգուշանալ կեղծիքներից»: