Դերասանուհի Լիդիա Գրիգորյանը ShowBiz.am կայքի հետ զրույցում հայտնել է, որ լավ լուր ունի թատրոնի սիրահարների համար․ սեպտեմբերի 8-ից մեկնարկել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի 51-րդ թատերաշրջանը, որն առանձնահատուկ կերպով է ուրախացնելու ու զարմացնելու հանդիսատեսներին:
Հոկտեմբերին հանդիսատեսի դատին են ներկայացնելու նախադեպը չունեցող, հետաքրքիր, կրիմինալ կատակերգություն՝ «Գանգստեր Մաքը», որի գլխավոր դերը բաժին է հասել Լիդիայի ամուսնուն՝ Գագիկ Մկրտչյանին։
Իսկ հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որպեսզի հեկտեմբերին մեծ շուքով նշվի մի կարևոր իրադարձություն՝ թատրոնի 50-ամյակը և Հրաչյա Ղափլանյանի 95-ամյակը։
Մասնագիտությամբ նկարիչ-դիզայներ Լիդիան երբեք չէր կարծում, որ կյանքը կարող է այսպիսի անակնկալ մատուցել իրեն մասնագիտության ընտրության հարցում: Հիմա Լիդիան ոչ միայն հայտնի դերասանուհի է, այլ նաև պահանջված տատու վարպետ: Միմյանցից այսքան տարբերվող աշխատանքները գեղեցկուհին կարողանում է համատեղել հեշտությամբ ու հաճույքով. չէ՞ որ երկուսն էլ արվեստի ճյուղ են:
«Կյանքիս այդ փուլում միշտ հայտնվել եմ ճիշտ ժամանակին՝ ճիշտ վայրում։ Սովորելով Գեղարվեստի ակադեմիայում՝ ձգտում էի դառնալ դիզայներ, սակայն իմ կյանքն ամբողջությամբ փոխվեց, երբ հանդիպեցի ամուսնուս, ով արդեն դերասանի աշխատանք ուներ և այն համատեղում էր տատու վարպետի աշխատանքի հետ։
Նա ինձ սովորեցրեց դաջվածքների արվեստը և ծանոթացրեց ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ, ով էլ ինձ հնարավորություն տվեց փորձել ունակություններս բեմի վրա։
Մանկուց սիրել եմ թատրոնը, բայց երբեք չեմ բարձրաձայնել, որովհետև գիտեի, որ հայրս դեմ կլիներ։ Սակայն կյանքում ինչ լինելու է, միշտ էլ լինում է։ 14 տարի է ծառայում եմ թատրոնին, իմ ուսուցիչներն են եղել թատրոնի հմուտ դերասաններն ու ռեժիսորները։ Իսկ հաջողությանս մեջ ոչ մի գաղտնիք չկա, կա անսահման նվիրվածություն աշխատանքին, որը տվեց իր արդյունքը»,- պատմում է Լիդիան:
Դերասանուհին գտնում է, որ այսօր ի տարբերություն հովանավորներ ունեցող ֆիլմերի և հեռուստասերիալների, թատրոնը բավարարվում է ավելի համեստ հնարավորություններով և կարիք ունի ոչ միայն ֆինանսավորման, այլ նաև հետաքրքրված ու կիրթ հանդիսատեսի:
«Թատրոնն այսօր խնդիր ունի գոյատևելու։ Ցավալի է, որ թատրոնի ողջ շահույթը ձևավորվում է տոմսերի վաճառքից, որով նա պետք է հոգա իր բոլոր ծախսերը։ Դա է պատճառը, որ թատրոնն այսօր հիմնականում բեմադրում է թեթև կատակերգություններ. սրանց պահանջարկը շատ է, որովհետև հանդիսատեսի մեծ մասը տեղյակ չէ գրականությունից, չի սիրում կարդալ»,- անկեղծանում է Լիդիան:
Ֆեոդոր Դոստոևսկին միշտ պնդում էր, որ արվեստագետն իրավունք չունի իջնել հասարակության մակարդակին, նա պետք է ինքը բարձրացնի ու հասցնի լսարանին իր ճաշակին:
Սակայն ֆինանսական սահմանափակման, գոյատևման խնդիրներից չէին կարող անմասն մնալ թատրոնի որակն ու մակարդակը:
«Հանդիսատեսին հարմարվելու պատճառով շատ է տուժում նաև դերասանի մասնագիտությունը, որովհետև մենք սկսում ենք խաղալ իրավիճակային կատակերգություններում՝ հեռանալով գրականությունից, հեռանալով մեր բուն մասնագիտությունից։
Հանդիսատեսի համար գրական բեմադրումը բարդ ընկալելի է դարձել, և դա շատ ցավալի է»։
Սակայն այս խնդրով տառապում է ոչ միայն հայկական թատրոնը, այլ նաև համաշխարհային թատերադաշտը: Թատրոններում հանդիսատեսների հոսքը խիստ պակասել է, իսկ դերասանների ու սցենարի նկատմամբ նրանց պահանջարկի մակարդակը՝ ցածրացել: Սակայն ի՞նչն է պատճառը, ի՞նչը փոխվեց:
«Հարցը ցավոտ տեղերիս կպավ: Հանդիսատեսը մոռացել է, որ ներկայացում նայելիս պետք է զգա հերոսին, մտնի նրա իրավիճակի մեջ, ոչ թե միայն «խնդա» նրա վրա։
Մարդկանց դիմացինի կյանքը սկսել է չհետաքրքրել, դա է պատճառը, որ դասական, բարդ գրականությունը հետաքրքրություն չի վայելում․ ոչ ոք չի ցանկանում բացահայտել մարդկային հոգու կյանքը»,- նշում է Լիդիան:
Թատրոնի, հեռուստաֆիլմերի և հեռուստասերիալների միջև Լիդիան առանձնապես մեծ տարբերություն չի դնում։ Մեկը մյուսին իրենց կարևորությամբ չեն զիջում, և բոլոր տեղերում էլ պետք է հանդես գան պրոֆեսիոնալ դերասաններ:
Շատ դերասաններ նախընտրում են խաղալ սերիալներում, որովհետև թատրոնը զիջում է ֆինանսապես․
«Ես հրաժարվում եմ սերիալում նկարահանվելու առաջարկներից, որովհետև մասնագիտությանս մեջ չեմ փնտրում ճանաչում, այն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։
Ինձ համար կենսական նշանակություն ունի թատրոնում աշխատելը, ես պետք է հիվանդանամ իմ դերերով և բուժվեմ դրանցով:
Իմ այս կյանքն ինձ չի բավարարում, քիչ է. ես թատրոնում պետք է ապրեմ բազմաթիվ կյանքեր։
Կենդանի շփումը հանդիսատեսի հետ ոգևորում է, լիցքավորում և լիցքաթափում․ չէ՞ որ դա արվետն է, որն արարվում է այստեղ և հիմա»,- ասում է Լիդիան՝ չմոռանալով խոսել հեռուստաֆիլմերի ոլորտի խնդիրների մասին, որտեղ դերասանուհին խնդիր է տեսնում և ռեժիսորական, և սցենարական աշխատանքների մեջ.
«Փոքրիկ դերերով հանդես եմ եկել ֆիլմերում ու սերիալներում, բայց ինձ դուր չի եկել ռեժիսորի պահանջը կամ սցենարի առանձնահատկությունները, նկարահանման հրապարակում կարգուկանոնը, որն առհասարակ բացակայում էր։
Մեր թատրոնում մեծ պատասխանատվությունն ու խիստ կարգուկանոնը ինձ «փչացրել» են։ Մինչ այսօր չեմ ստացել ոգևորող առաջարկություն սերիալներից»։
Դերասանուհին, սակայն, առաջարկում է խնդրի ամենապարզ ու հեշտ լուծումը.
«Մի անգամ, երբ ավագ որդուս չթողեցի սերիալ նայել՝ պատճառաբանելով, որ այն լավը չէ, նա ինձ հարցրեց՝ եթե լավը չի, ապա էլ ինչու են նկարահանել։
Հենց այս մոտեցմամբ էլ պետք է շարժվել․ նկարահանել լավը կամ ընդհանրապես չնկարահանել»։
Լիդիան և իր ամուսինը՝ Գագիկը, ով նույնպես դերասան է, անչափ մտահոգ են այս հարցերով և իրենց նվիրված աշխատանքով ամեն կերպ ցանկանում են ներդնել սեփական լուման խնդրի կարգավորման գործում:
Ամուսնու հետ Լիդիան ծանոթացել է դեռ համալսարանական տարիներին: Սիրահար զույգն այդ ժամանակից ի վեր այլևս չի բաժանվել: Նրանք և տատու սրահում, և թատրոնում ամբողջ օրն աշխատում են միասին արդեն 14 տարի:
«Ամուսնուս հետ աշխատելը դժվար չէ, մենք միասին ենք արդեն 14 տարի, միասին ենք միմյանց խորhուրդներ տալով, ամեն բան վերլուծելով ու պարզաբանելով, միասին ենք մեր փոխըմբռման և փոխվստահության շնորհիվ»,- պատմում է Լիդիան:
Գեղեցկուհին պրոֆեսիոնալ է ոչ միայն թատերական դաշտում, այլ նաև դաջվածքների ոլորտում. սակայն նա և իր ամուսինը երևի միակ տատու վարպետներն են, ովքեր իրենց մարմնի վրա չունեն ոչ մի դաջվածք: Դերասանուհին բացատրում է դա՝ կատակով նշելով, որ ժամանակը դեռ չի եկել:
Հասարակության մեջ շատ փոփոխությունների Լիդիան ականատես է լինում հենց իր երկրորդ մասնագիտության շնորհիվ: Նրա պնդմամբ՝ հայկական մենթալիտետն ու շատ կարծրատիպեր արդեն փոքր–ինչ թուլացել են, հիմա արդեն աղջկներն ավելի ազատամիտ են, անկախ ու անկաշկանդ պատում են իրենց մարմինը դաջվածքներով:
Եվ դա այն դեպքում, երբ տարիներ առաջ նման աղջիկներին «ուրիշ աչքով էին նայում»:
Գեղեցկուհին 2 ամիս առաջ է ծննդաբերել երկրորդ որդուն: Ծննդաբերությունից 20 օր անց Լիդիան արդեն թատրոնի բեմում էր: Դերասանուհին ոչ մի դեպքում չէր կարող բաց թողնել Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի 50-րդ թատերաշրջանի վերջին ներկայացումը:
Նյութը՝ Տտաթևեր Լազարյանի