Նա դավաճանեց թագուհուն, դա աններելի է. Թրամփը՝ արքայազն Հարրիի մասին

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին «դավաճանել է» Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն՝ թագավորական ընտանիքի անձնական կյանքի մասին պատմություններով։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է The Daily Express-ը։

«Ես նրան չէի պաշտպանի։ Նա դավաճանեց թագուհուն։ Սա աններելի է։ Եթե ես որոշեի հարցը (կապված Միացյալ Նահանգներում նրա բնակության հետ-Խմբ.), ապա նա մենակ կլիներ», – ասել է Թրամփը:

Նա նաև նշել է, որ ԱՄՆ ներկայիս իշխանությունները՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, «չափազանց մեծահոգի են վարվում» արքայազն Հարրիի նկատմամբ, որը չորս տարի առաջ կնոջ՝ Մեգան Մարքլի հետ հայտարարել է թագավորական պարտականություններն ու լիազորությունները վայր դնելու և ընտանիքով Կալիֆոռնիա տեղափոխվելու մասին։ Այդ ժամանակվանից ի վեր զույգը բավականին աղմկահարույց բացահայտումներ է արել թագավորական ընտանիքի վերաբերյալ, ինչի հետևանքով արքայազն Հարրի և Մեգան Մարքլի հարաբերությունները հարազատների հետ լարվել են: Ըստ որոշ աղբյուրների՝ արքայազն Հարրին և ավագ եղբայրը՝ թագաժառանգ արքայազն Ուիլյամը չեն շփվում: