«Բարի օր» հումորային ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Երեկ՝ փետրվարի 29-ին, մեծ էկրաններ բարձրացավ տաքսիստ Հենդոյի մասին պատմող ֆիլմը՝ «Բարի օրը»: Ֆիլմի պրեմիերային ներկա էին ֆիլմի հերոսները և հայտնի հյուրերը։

Սյուժեի համաձայն՝ ֆիլմի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում։

Նախքան պաշտոնական արարողությունը ֆիլմի ստեղծագործական կազմը լրագրողների հետ զրուցելու հնարավորություն ունեցավ:

«Կա մի սիրված ֆիլմ «Արջամկան օրը», որը նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսորներից Գրիգոր Գասպարյանը:

Ռեժիսորի խոսքով՝ «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մխիթարյանը ստեղծել էր տաքսիստ Հենդոյի կերպարը, որը շատ էր սիրվել, ինչից ելնելով էլ լիամետրաժ ֆիլմ նկարահանելու որոշում էր կայացվել:

«Հենդոն սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները»,- ասաց Գրիգոր Գասպարյանը:

Դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանն էլ խոսեց այն մասին, թե ինչ կաներ, եթե հայտնվեր ժամանակային հանգույցում.

«Ես կարծում եմ, որ հերոսիս պես կվարվեի, քանի որ կյանքը նրան ընձեռնում է բացառիկ հնարավորություն՝ վերաիմաստավորել կյանքը։ Մենք ունենք կարևոր գաղափար, որ մարդիկ, որոնք պարզապես ապրում են իրենց օրերը, չգտնահատելով կյանքը, կարողանան վերաիմաստավորել ամեն մի օր»,- նշեց Մհեր Մխիթարյանը։

Նշենք, որ ֆիլմի մյուս ռեժիսորն Արման Սարգսյանն է: Ըստ նրա՝ ֆիլմը ստեղծելիս ամեն բան արել են համատեղ, այդ թվում՝ սցենարական աշխատանքները: Սցենարը գրել են Վան Գրիգորյանը և Գառնիկ Մակվեցյանը՝ ռեժիսորների հետ համատեղ: Ըստ Արման Սարգսյանի՝ փորձել են չուռճացնել երևույթները: «Կարծում եմ՝ ամեն մարդու ժամանակ է հարկավոր ինքն իր հետ մնալու, վերլուծելու, թե ինչի համար է ապրում, թե ինչ է թողնում իրենից հետո, թե իր պատճառով ինչ է լինում: Ֆիլմի հերոսին այդ ժամանակը տրվում է»,- ասաց նա:

Հավելենք, որ ֆիլմի գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց:

Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է: