«Հոգնել եմ տղամարդկանց հաճոյախոսություններից, կանանց նախանձից». Լիլի Էլբակյան

Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը կիսվել է ապրիլյոթյան իր մտորումներով, որոնք անվանել է խառը: Նրան անբնական է թվում, որ կանայք  իրար ավելի շատ են շնորհավորում, քան՝ բարեմաղթանքներ լսում տղամարդկանցից: Այս մասին գրում է Bravo.am-ը:

«Իսկ ես հոգնել եմ… մարդկանց շնորհավորանքներից… Սպասումից, որ պիտի լինես միշտ խնամված, շպարված, միշտ երջանիկ, միշտ թեթև, միշտ պոզիտիվ, խելացի, ուժեղ, ամեն ինչ հասցնող, միշտ, միշտ, միշտ գեղեցիկ ու անհոգ… Հոգնել եմ հիացած հայացքներից, տղամարդկանց հաճոյախոսություններից, կանանց նախանձից ու բամբասանքներից, հոգնել եմ հանրային լինելուց, հոգնել եմ համատարած երջանկության ցուցադրությունից… Տխուր կամ դեպրեսիվ լինելը նորաձեւ չէ… Թքած…»,- գրել է նա:

Դերասանուհին կանանց մաղթել է ներդաշնակության հասնել. «Մի վախեցեք լինել թույլ, երբեմն անկատար, չէ՞ որ կատարյալ մարդ չկա… Գտեք ապրելու իսկական իմաստը, առանց որեւէ մեկի, ինքներդ ձեզ համար: Թող ձեզ ուրախացնի արեւը, ոչ թե նվերներն ու ծաղիկները, միեւնույն է՝ ծաղիկները թոշնում են, իսկ արեւը միշտ կա: Եղեք իրական, ոչ թե իդեալական, ինչպես մեզնից սպասում են: Եթե Աստված ստեղծել է քեզ, ուրեմն՝ արդեն հրաշք ես»: