Մարիա Սարդարյանը՝ Տիրանայի միջազգային մրցույթի հաղթող

Մարտի 27-29-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվել է Մարիե Կրայա 20-րդ օպերային միջազգային մրցույթը: Միջոցառմանը մասնակցող 250 երգիչ-երգչուհուց կիսաեզրափակիչ է անցել 16-ը։ Իսկ եզրափակիչ ութնյակից հաղթող է դարձել միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը: Հայազգի սոպրանոն ներկաներին հիացրել է Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիայի կատարումով:

«Չէի գնացել հաղթելու: Ուզում էի միայն մասնակցել, քանի որ ժյուրիի կազմում էին եվրոպական կարևոր թատրոնների գեղարվեստական տնօրենները։ Արդյունքում գրավեցի առաջին հորիզոնականը: Մի քանի թատրոնի ղեկավարներ հրավիրեցին ինձ առաջիկա 2 տարում ելույթ ունենալ իրենց երկրներում: Այս հաղթանակն ամենատպավորիչն էր իմ կյանքում», – Orer.eu-ի հետ զրույցում խոստովանել է Մարիա Սարդարյանը։