Stand Up բոլորի համար. Մհեր Մխիթարյանը, Վահան Թովմասյանը, Նինա Տիտանյանը և մյուսները՝ մեկ բեմում

Երեկ Բոհեմ թատրոնում կայացավ հայ հանդիսատեսի կողմից արդեն հայտնի ու սիրված դերասանների մասնակցությամբ ստենդափ-ներկայացման պրեմիերան: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Մհեր Մխիթարյանը, Վահան Թովմասյանը, Նինա Տիտանյանը, Արմեն Սարգսյանը, Տիգրան Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Անդրանիկ Համբարձումյանը:

ShowBiz.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու լուսանկարները:

«Այս գաղափարն արդեն վուղուց իմ ու Մհերի գլխում եփվում է: Նախ սկսենք նրանից, որ Մհերենք խմբակային ստենդափով զբաղվում են արդեն երկար տարիներ՝ 2013 թվականից: Այս պրոյեկտն արդեն մեկ տարի է՝ քննարկում ենք և ի վերջո որոշեցինք, որ ժամանակը եկել է ու պետք է անենք: Ու քանի որ բացի ինձնից ու Մհերից նաև Նինայի երազանքն էր այս ստենդափը, մենք ընտրեցինք այնպիսի մարդկանց, ովքեր ամենօրյա ռեժիմով զբաղվում են դրանով, ովքեր սիրում են դա»,- մեզ հետ զրույցում պատմեց Վահան Թովմասյանը:

Դերասանուհի Նինա Տիտանյանին լայն հասարակությունը ճանաչում է որպես բլոգեր, ով ներկայանում է հումորային կոնտենտով, սակայն նա նշում է, որ սոցցանցերից բեմ տեղափոխվելն իրեն ծանր չի տրվել: «Իրականում այնքանով է բարդ, որ ինձ որպես Նինա չեն ճանաճում, մարդիկ գիտեն իմ կերպարները, բայց ոչ ինձ: Բայց շատ հետաքրքիր փորձ է, երբ դու արդեն հայտնվում ես բեմում ու մարդիկ սկսում են քեզ ճանաչել: Ու եթե քեզ մոտ դա լավ է ստացվում, կոտրվում է այդ սառույցը: Քանի որ ես մինչև բլոգով զբաղվելը փորձ ունեցել եմ բեմում լինելու, ինձ համար շատ դժվար չէ տենելը, որ հանդիսատեսը կարող է նաև չծիծաղել իմ կատակներից: Ինձ համար բեմից հանդիսատեսի հետ ռեալ շփումն ավելի հաճելի է, այդպես ավելի շատ ադրենալին ու էմոցիաներ ես ստանում»,- անկեղծանում է Նինան:

Մհեր Մխիթարյանը մեզ հետ զրույցում խոսեց կոնտենտ ստեղծելու դժվարություններից ու պատմեց ներկայացման կայացման ընթացքը. «Դժվարություն միշտ էլ սկզբնական հատվածում լինում է, որ քո արած հումորից հետո փորձում ես հասկանալ, թե հանդիսատեսն ինչ ռեակցիա է տալիս: Հումորը հենց անձնական է, և բեմում պետք է հասկանաս՝ ճիշտ էր անձնականից խոսել կամ չխոսելը: Բայց երկար տարիներ աշխատելուց հետո, փորձելուց հետո հանդիսատեսը քեզ ընդունում է, ու արդեն քո ասածը՝ դա կլինի շատ նեղ անձնական, թե շատ սև հումոր, նա փորձում է տեղավորվել դրանում ու ծիծաղել»:

Թիմի յուրաքանչյուր անդամ ինքն է աշխատել իր կոնտենի վրա և ստեղծել իր մասին պատմող հումոր: «Իրականում ստենդափը մնացած ժանրերից տարբերվում է նրանով, որ հենց դու պետք է գրես քո հումորը, եթե ուզում ես՝ այն լինի իրականում ծիծաղելու: Կողքից կարող են քեզ սցենարիստներն օգնել, ինտերպրետացիաներ փոխել, ձևակերպումներ փոխել, բայց եթե պատմությունը քոնը չէ, դու դրա վրա չես աշխատել, ոչ մի դեպքում չես կարող ծիծաղեցնել հանդիսատեսին»,- պատմում է Վահանը:

Հունիսի 6-ին ստենդափ ներկայացման անդամները կրկին կլինեն բեմում: Վահան Թովմասյանը հավելում է, որ իրենց թիմը բաց է համալրումների և հետաքրքիր համագործակցությունների համար. «Մենք քանի որ որոշել ենք զբաղվել իսկական ստենդափով, դրանից ելնելով չենք պատրաստվում տարիներով խաղալ այդ նույն ներկայացումը: Այն լինելու է շատ սահմանափակ՝ մի քանի ներկայացում 2-3 ամսվա ընթացքում, որից հետո մեր թիմի անդամները արդեն կներկայանան այլ պատմություններով»: