«Իմ հարսանիքը կանեմ հրապարակում, բոլորը կգան, ազգը կուրախանա, Սարոն, Թաթան, Դումիկյանը կերգեն». Ռաֆայել Երանոսյան

«Փոքր ժամանակ երազում էի, որ լինեմ սիրված, ճանաչված դերասան, խաղամ պրեֆեսիոնալ բեմում, կարողանամ մարդկանց ժպիտ փոխանցել, այդ ամենն ունեմ, փառք Աստծո»,- «Նոր ալիք»-ի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Ռաֆայել Երանոսյանը:

«Ես ինձ  շատ չեմ սիրում տեսնել ու լսել: Եթե պրեմիերա լինի, ֆիլմը կնայեմ, բայց 2-րդ անգամ չեմ նայի, ձայնս իմ ականջին տարօրինակ է լսվում: Ես հիմա իմ սկեչերից շատ բան չեմ հիշում, որովհետև չեմ նայել»,- անկեղծացել է նա:

Անդրադառնալով հարսանիքներ վարելուն, դերասանը նշել է, որ մեծ հաճույքով է դա անում:

«Ցանկացած գործ, եթե անեմ ստիպված, ես դա չեմ անի: Եղել են դեպքեր, երբ հրաժարվել եմ հարսանիք վարելուց: Շատ կարևոր է տվյալ մարդկանց հետ առաջին հանդիպումը, եթե ծանոթության ժամանակ դրական էներգիան չի կպնում, գումարը եղանակ չի փոխում:

Զույգի հետ պարտադիր 1 շաբաթ կամ 10 օր առաջ հանդիպում եմ, տղայի հայրը, աղջկա հայրը կամ երբեմն մայրը նորապսակների հետ գալիս են, ծանոթանում, սուրճ ենք խմում, կենացներն ենք քննարկում: Եթե չես ճանաչում մարդուն, չգիտես ուր ես գնում, մի տեսակ արհեստական է լինում»,- ասել է դերասանը:

Խոսելով ավանդական հարսանիքներից՝ Ռաֆայել Երանոսյանը նշել է, որ շատ արարողությունների կողմ է, բաներ էլ կան՝ դեմ է:

«Օրինակ՝ առաջ ավանդույթ կար, որ նորապսակները մեղրամիսը պետք է անցկացնեին տանը: Պատկերացնո՞ւմ եք այդ աղջկա հոգեվիճակը: Հորաքույրները այնտեղ նստած, սպասում են, թե ինչ պետք է լինի, եթե երիտասարդները մի բան սխալ անեն, արագ գան օգնության: Պետք է երիտասարդներն առանձին գնան, իրենց ձեռքով իրենց մոմը վառեն:

Ավանդույթներ էլ կան, որ կողմ եմ: Օրինակ՝ մեղրի և լավաշի արարողությունը շատ գեղեցիկ է: Հարսի պարը ևս գեղեցիկ ավանդույթ է, բայց գումար բերելու արարողությունը չեմ սիրում, դեմ եմ»,- կարծիք է հայտնել Ռաֆայել Երանոսյանը:

Անդրադառնալով իր անձնականին՝ նա նշեց, որ ամուսնացած չէ, և սա այն հարցն է, որն արդեն ոչ միայն իրեն է հուզում, այլ՝ ազգի մեծամասնությանը:

«Այ տղա, եր՞բ ես ամուսնանալու, անընդհատ այդ հարցը քննարկվում է: Ես անընդհատ ասում եմ՝ շուտով, բայց ամեն անգամ իմ կյանքում ինչ-որ պահ է գալիս, որ չի ստացվում կամ ձգձգվում է: Ես էլ եմ շատ ուզում ունենալ իմ ընտանքիը: Երբ ես ամուսնանամ, իմ հարսանիքը լինելու է թափանցիկ ու բաց: Գուցե հրապարակում բեմ հավաքվի, բոլոր իմ ընկերները՝ դերասաններ, երգիչներ, գան և ուրախանան: Մենք հարս ու փեսայի նման կնստենք, վստահ եմ՝ մարդիկ կգան, կուտեն, կխմեն, լավ մաղթանքներ կասեն: Սարոն, Թաթան, Դումիկյանը կերգեն, Վիկան կպարի, ազգը կուրախանա»,- հաղորդման շրջանակներում ասել է դերասանը: