«Միստր Արմենիա 2018», «Mister Model Worldwilde 2018» կոչումներին արժանացած մոդել Էդգար Կարապետյանը պատրաստվում է Հայաստանը ներկայացնել ևս մեկ միջազգային մրցույթում՝ «Mister Glam international 2019»-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 18-29-ը Ֆիլիպիններում:
«Պատրաստվում եմ «Mister Glam international 2019» հեղինակավոր մրցույթին, որին Հայաստանը առաջին անգամ է մասնակցելու։
Չկան աջակիցներ և հաշվի չի առնվել, որ ներկայացնում եմ մեր երկիրն ու մշակույթը միջազգային հարթակում։ Շատ ցավալի է, բայց փաստ է:
Հովանավոր դեռ չկա. հուսանք կգտնվի բարերար, ով կաջակցի, որպեսզի մենք կարողանանք պատվով ներկայանալ այդ հեղինակավոր մրցույթին»,- ShowBiz.am կայքի հետ զրույցում անկեղծանում է Էդգար Կարապետյանը:
Էդգարը մասնակցել է աշխարհի «Top 3 weeding» լուսանկարիչ Երվանդ Զանազանյանի սեմինարին որպես տիտղոսակիր մոդել: 2018թվականին՝ «Mister Armenia model worldwide» մրցույթի հաղթանակից հետո, արդեն ճանաչված ու հաջողակ մոդելը մասնակցել է «Yerevan fashion week», « Georgian day in Armenia», «Russkie siluet Oriflame», «Fashion weekend Astraxan» և այլ ցուցադրություների։
23-տարեկան հմայիչ երիտասարդը մասնագիտությամբ դիզայներ է ու պատարսվում է շուտով հմտանալ նաև այդ ոլորտում: Նրա կարծիքով հայ տղամարդկանց ոճում պակասում է ինքնավստահությունը: Էդգարն արեն 4 տարի է, ինչ զբաղվում է մոդելինգով։
Գեղեցկության մրցույթներում շատ տիտղոսակիրներ դեռ մանկուց երազում են հայտնվել հեռուստաէկրաններին, ամսագրերի շապիկներին, սակայն Էդգարն այլ երազանքներ է ունեցել.
«Մանուկ տարիքում երազում էի նկարիչ դառնալու մասին։ Ինձ մոտ լավ էր ստացվում նկարել և հաճախում էի նկարչական խմբակ։ Երազանքս կիսով չափ իրականացել է, և նախորդ մրցույթի ժամանակ՝ տաղանդի փուլում, ողջ աշխարհին ցույց տվեցի իմ աշխատանքը ու դարձա տիտղոսակիր:
Մոդելինգով զբաղվելու առաջարկը պատահական եղավ. ինձ առաջարկել էին փորձել ուժերս մոդելինգում, բայց այն ժամանակ կոմպլեքսներ ունեի, այդ պատճառով մերժեցի: Հետո մտափոխվեցի և արեցի առաջին քայլերս»,- պատմում է Էդգարը:
Սակայն ի տարբերություն կանանց՝ տղամարդկանց համար մոդելինգով զբաղվելը Հայաստանում խնդրահարույց աշխատանք է: Այդ մասնագիտությունը ընտրելով՝ նրանք բախվում են բազմաթիվ կարծրատիպերի հետ:
Էդգարը նույնպես ճաշակել է դժվարությունների համը՝ նշելով, որ մենթալիտետն այս հարցում բավականին շատ է խանգարում:
«Շրջապատս շատ լավ է արձագանքում, իսկ կարծատիպերին «բախվելը» շատ մեղմ է ասված:
Գիտեք հետաքրքիրը ո՞րն է. աղջիկներն են հիմնականում վատ արտահայտվում: Բայց դա ինձ չի խանգարում, շատ աղջիկներ կերազեին իմ տեղում լինել»,- կատակում է Էդգարը:
Ի տարբերություն եվրոպական երկրների, որտեղ ճանաչված ու հաջողակ մոդելները հայտնվում են Forbes-ի առաջատար հորիզոնականներում ու շրջագայում են ողջ աշխարհում՝ մասնակցելով բազմաթիվ ֆոտոնախագծերի կամ մրցույթների, Հայաստանում մոդելինգի ոլորտը դեռ նոր–նոր է զարգանում:
Թե ֆինանսական տեսանկյունից, թե առաջարկած հնարավորություններով մեզ մոտ այս ոլորտը շատ թույլ է ու առաջ է գնում չափազանց փոքր քայլերով:
«Միանշանակ, Հայաստանը հեռանկարային չէ մոդելինգով զբաղվելու համար: Մտադրություն ունեմ գործունեությունս ծավալել Հայատանի սահմաններից դուրս։ Ունեմ շատ գործնական առաջարկներ։ Տարին կփակեմ նոյեմբերին ֆիլիպիններում կայանալիք մրցույթով և դրանից հետո կզբաղվեմ դրսում աշխատելու առաջարկների ուղղությամբ»,- խոստովանում է Էդգարը:
Հմայիչ երիտասարդին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը: «World Class Kings Magazine» ամերիկյան ամսագիրը բոլոր մոդելներից անդրադարձել է միայն Հայաստանի ներկայացուցչին:
«Միստր Արմենիա 2018»-ը հասցրել է ձեռք բերել երկրպագուհիների մեծ բանակ, սակայն աստղային հիվանդությունից զերծ է մնացել: Հայաստանի ամենահմայիչ տղամարդը նաև կիսվել է՝ ինչպիսի աղջիկներ են իրեն դուր գալիս.
«Նախընտրում եմ հավասարակշռված, խելացի և իր արժեքը իմացող աղջիկների։ Կնոջ մեջ պետք է գեղեցիկ լինի հոգին, եթե չունի գեղեցիկ հոգի, ապա նա ամենատգեղ կինն է ինձ համար»:
Էդգարը չի մոռանում անդրադառնալ նաև գեղեցկության մրցույթներում անկողմնակալության թեմային: Այդ մրցույթներից շատ մասնակիցներ անկեղծանում են՝ կիսվելով, որ իրենց կարծիքով հաղթողներին որոշում են բարեկամների ու ծանոթների միջնորդությամբ, սակայն Էդգարը հավատացրեց, որ ամեն բանի հասել է իր ուժերով և երբեք ոչ ոք չի բարեխոսել իր համար:
Իսկ սեփական հաջողության գաղտնիքը նա համարում է իր ազնվությունն ու բարությունը:
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի