Կայացավ երաժշտական ամենասպասված փառատոններից մեկը՝ Full moon fest-ը, որն իր հարկի տակ էր հավաքել ինչպես հայաստանյան, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող արտիստների: Երեկ մեկ հարկի տակ ելույթ ունեցան Outlandish-ը, Vintage-ը, 5Sta Family-ն, Banderos-ը, Reincarnation-ը և D’Litte-ը:
Չնայած անձրևային օրվան՝ երեկոն թեժ էր, հագեցած և ներություններով լեցուն: ShowBiz.am-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչ Լուսինե Աչոյանը նշեց, որ այս տարին առաձնահատուկ է արտիստների ներգրավվածության առումով:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մասնակիցներին, որ չնայած այս պայմաններին՝ եկան ու մեր կողքին են, այսքան ուրախանում են: Իհարկե միջոցառումների ոլորտում ֆորսմաժորները անխուսափելի են և այսօրվա անձրևը դրա վառ օրինակն է: Full moon fest-ն արդեն 4-րդ անգամ է կայանում: Այս անգամ ունենք վեց երաժշտական խումբ, ընտրել ենք ամենասիրելի փոփ-երաժշտական խմբերին, և ինչպես տեսնում եք՝ շատ վայելում են մեր մասնակիցները: Եվ չնայած անձրևին՝ դրական ու լավ էներգիա ենք էստեղ ստանում»,- նշեց կազմակերպիչը:

Արտիստների մեծ մասն այս տարի առաջին անգամ է եկել Հայաստան: «Նրանք շատ ուրախ են Հայաստանում համերգ ունենալու համար, նույնիսկ բեմից մի քանի անգամ շեշտեցին դրա մասին: Իրենց հետ իրականում շատ հեշտ է շփվելը: Full moon fest-ի նպատակն է ամեն տարի ավելի զարգանալ և հնարավորության դեպքում ավելի շատ միջազգային արտիստների ներգրավել, և սա մեր առաջին փորձն է երեք տարբեր երկրներից արտիստներ հրավիրելու: Հույս ունենք, որ հետագայում կկարողանանք ավելի ծավալվել և ավելի մեծ թիմով և արտիստներով ներկայանալ»,- հույս հայտնեց Լուսինեն:
D’Litte-ը փառատոնին ներկայանալու փորձ ունի, երգչուհին արդեն երրորդ տարին է Full moon fest-ի անբաժան մասն է: «Շատ կարևորում եմ, որովհետև կապը և կոմունիկացիան հանդիսատեսի հետ շարունակական է լինում, իսկ դա ինձ համար շատ կարևոր է, մանավանդ երբ հեղինական-կատարող ես: Անձրևը բացարձակ չազդեց տրամադրության վրա: Իրականում ես էլ առողջական խնդիրներով եմ եկել, բայց հանդիսատեսը պետք է գաղափար չունենա, թե դու ինչ վիճակում ես: Ինձ կարևոր է այդ էմոցիաները կիսելը, որովհետև 45 րոպեի ընթացքում դու մի չորս տարի ավելի ես ապրում բեմում ելույթ ունենալիս»,- կիսվեց երգչուհին:

Լիլիթը շատ շուտով երկրպագուների դատին կհանձնի իր ու Միշոյի համատեղ աշխատանքը. «Նոր երգը մի քանի օրից՝ երևի արդեն ամսվա վերջ կթողարկվի: Կունենա տեսահոլովակ, աշխատել ենք այստեղ՝ նկարահանումները եղել են թե՛ Հայաստանում, թե՛ ԱՄՆ-ում: Էլ չեմ բացում չակերտները, որովհետև հետագայում ավելի մանրամասն խոսելու առիթ կունենանք»:
Այս տարի Ֆուլ մուն ֆեսթը բացառիկ է նրանով, որ ներկայանում էին 6 երաժշտական խմբեր. նրանցից երեքը եկել էին Ռուսաստանից, մեկը՝ Դանիայից և մյուս երկուսը Հայաստանից են: Երեկոն ավարտվեց Reincarnation-ի արդեն հայտնի ու սիրված երգերի հնչյունների ներքո: Արտիստները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և բուռն արձագանքի համար՝ վայելելով ներկաների վառ էմոցիաները: Իսկ փառատոնի կազմակերպիչները խոստացան հաջորդ տարի վերդառանալ նոր արտիստներով ու ավելի մեծ մասշտաբներով:

















Նյութը՝ Լուս Ավագյանի