Երեկ՝ օգոստոսի 3-ին, կայացավ ամռան ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Summer Fest 2024-ը: Մեկ բեմում ելույթ ունեցան արդեն իսկ սիրված և ճանաչված արտիստներ Սիրուշոն, Սարո Թովմասյանը, Կարեն Սևակ բենդը, Մենք փրոջեքթը, իսկ երեկոն վարեց Ավետ Բարսեղյանը:
Փառատոնը ամենամյա է և նպատակ ունի տարեցտարի ավելի շատ արտիստներ ներգրավելու: ShowBiz.am-ի հետ զրույցում Summer Fest 2024-ի կազմեկերպիչ Անուշ Սաֆարյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:
«Քանի որ նախորդ տարի կազմակերպել էինք Summer Fest 2023-ը ու բավականին հաջողված ու հետաքրքիր համերգ էինք ունեցել, դրա համար այս տարի ևս որոշեցինք իրականացնել Summer Fest 2024-ը, փառատոնը ամենամյա է և հույս ունենք՝ դեռ շարունակական կլինի»,- նշեց կազմակերպիչը:
Սարոն երեկոյի ընթացքում անակնկալներով հանդես եկավ. երգիչն առաջին անգամ բեմում կատարեց իր նոր՝ «Սերը կտանի» երգը, որի պրեմիերան հենց երեկ է եղել: Նա նաև կատարեց իր դեռևս չթողարկված՝ «Ուրախություն» երգը՝ հանդիսատեսին բացահայտելով, որ տեսահոլովակում կընդգրկվեն կադրեր նաև երեկվա համերգից:

«Արտիստնի ընտրության հարցում բավականին երկար ենք մտածել, հասկանալով, որ և՛ Սիրուշոն, և՛ Սարոն շատ սիրված արտիստներ են, ինչպես նաև Կարեն Սևակ բենդը, Ավետ Բարսեղյանը, ընտրությունը կանգ առավ նրանց վրա: Քանի որ նրանց ունեցած համերգների ձևաչափը մի փոքր տարբեր էր այդ մասով էինք մտածում, բայց հասկացանք, որ կապ չունի թե իրենք որտեղ և ինչպես են ելույթ ունենում, միևնույն է շատ պահանջված և սիրված արտիստներ են»,- մանրամասնեց Անուշ Սաֆարյանը:
Խոսելով ակնկալիքների և արդեն իսկ գրանցած հաջողության մասին՝ կազմակերպիչը նշեց. «Հանդիսատեսից արդեն շնորհակալական խոսքեր ենք ստանում, որ մեկ բեմում հնարավարություն է ընձեռնվել տեսնելու թե՛ Սարոյին, թե՛ Սիրուշոյին: Ակնկալիքներն անշուշտ մեծ են, այլ կերպ չէր էլ կարող լինել:
Այս տարին նախորդից տարբերվում է նրանով, որ անցյալ տարի ելույթ էին ունենում տարբեր խմբեր, իսկ այս տարի անհատ արտիստներ են, որոնք ինչ խոսք, ավելի հայտնի են»:
Անդրադառնալով այս ձևաչափի միջոցառումներին՝ Անուշ Սաֆարյանը նշեց, որ այս մասշտաբի միջոցառումների կազմակերպումը շատ է կարևորում, քանի որ սա ևս մեկ առիթ է գալ լիցքաթափվելու և լավ ժամանակ անցկացնելու, ինչն, իր խոսքով, մեզ շատ է հարկավոր:
Նշենք, որ հանդիսատեսի թվում էին Սիրուշոյի ծնողները՝ դերասան Հրաչյա Հարությունյանը և երգչուհի Սյուզան Մարգարյանը, ինչպես նաև ամուսինը՝ Լևոն Քոչարյանը:










