Հայտնի դերասան Ավո Խալաթյանն այսօր դարձավ 38 տարեկան: Դեռ երիտասարդ տարիներից պարզ էր, որ Ավոն կարողանալու է իր համար ստեղծել փայլուն կարիերա. հրաշալի ձայն, թատերական տաղանդ, էլ ի՞նչ էր պետք հաջողության համար:
Որպես մյուզիքլի ժանրի դերասան՝ ուսանողական տարիներից խաղում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Աշխատել է նաև Երևանի Համազգային և Կամերային թատրոններում ու Նարեկ Դուրյանի թատերախմբի «Օպերացիա Նեմեսիս» բեմադրությունում կերտել է Սողոմոն Թեհլերյանի կերպարը։
Որպես երգիչ՝ մասնակցել է մշակութային բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև հեռուստատեսային մեծամասշտաբ նախագծերի։
Տիգրան Չուխաճյանի «Կարինե» օպերայի համար 2015 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին, իսկ 2016 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:
Հիշեցնենք, որ Ավո Խալաթյանի կինը հայտնի երգչուհի Նունե Եսայանն է, որ վերջերս մեծ շուքով տոնեց իր 50-ամյակը: