Էկոակտիվիստները ավիրել են Լիոնել Մեսսիի շքեղ առանձնատունը

Հարձակման է ենթարկվել արգենտինական ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսսիի առանձնատունը: Բնապահպան ակտիվիստները գիշերը մտել են մարզիկի տուն՝ իսպանական Իբիցա առողջարանային կղզում. նրանք պատերը ներկել են կարմիր և սև ներկով, ինչպես նաև կոտրել են ինտերիերի մի քանի իրեր և պատուհաններ: Նրանցից մեկը ցուցանակ էր պահել, որի վրա գրված էր. «Օգնեք մոլորակին. «կերեք» հարուստներին. վերացրեք ոստիկանությունը»:

Ինչպես պարզվեց, բնապահպան ակտիվիստներն իրենց պահվածքով ցանկանում էին մատնանշել «հարուստ մարդկանց պատասխանատվությունը կլիմայական ճգնաժամի համար»։ Նրանք դիտմամբ եկել են հայտնի ֆուտբոլիստի առանձնատուն։ Նրանց կարծիքով՝ տունն անօրինական է կառուցվել, հայտնում է Daily Mail-ը։ Բացի այդ, նրանց զայրացրել է այն գինը, որով Մեսսին գնել է քոթեջը՝ 11 մլն եվրո: Մարզիկը շվեյցարացի գործարարից տունը գնել է 2022 թվականին։

Վանդալիզմի գործողություն կատարելուց հետո բնապահպան ակտիվիստներին հաջողվել է փախչել։