Ամերիկյան բանակի սպան հաղթել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության 73-րդ ամենամյա մրցույթում

Լոս Անջելեսում ավարտվել է «Միսս ԱՄՆ» գեղեցկության 73-րդ ամենամյա մրցույթը։ Հաղթող է ճանաչվել Միսս Միչիգանը՝ ռազմական հետախուզության աշխատակից Ալմա Կուպերը, հայտնում է CNN-ը։

Գեղեցկության մրցույթում մրցել են 50 մասնակից։

«Որպես ներգաղթյալ բանվորի դուստր, հպարտ աֆրոլատինոամերիկացի և ԱՄՆ բանակի սպա՝ ես ապրում եմ ամերիկյան երազանքով: Եթե կա մի բան, որ իմ կյանքն ու մայրս ինձ սովորեցրել են՝ դա այն է, որ հանգամանքները երբեք չեն որոշում քո ճակատագիրը. դու կարող ես հաջողությունը դարձնել հասանելի»,-ասել է Կուպերը մրցույթի եզրափակիչ հարցուպատասխանի ժամանակ:

Ալմա Կուպերը Ուեսթ Փոյնթի ԱՄՆ ռազմական ակադեմիայի շրջանավարտ է՝ մաթեմատիկայի դիպլոմով։ Ներկայումս սովորում է Սթենֆորդի համալսարանում՝ տվյալների գիտության մագիստրոսի կոչում ստանալու համար: Նա դարձել է Միչիգանի չորրորդ ներկայացուցիչը, որը նվաճել է «Միսս ԱՄՆ» տիտղոսը։

Կուպերը կներկայացնի ԱՄՆ-ը «Միսս Տիեզերք-2024» մրցույթում, որը կանցկացվի նոյեմբերին՝ Մեքսիկայում: