Իլոն Մասկը շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ գործարարը. վարկանիշ

Գործարար Իլոն Մասկը շարունակում է մնալ մոլորակի ամենահարուստ մարդը: Միլիարդատերերի վարկանիշների վերջին ուսումնասիրության մեջ, որը կատարել է Bloomberg-ը, Tesla, SpaceX և X ընկերությունների սեփականատեր Մասկի կարողությունը օգոստոսի 14-ի տվյալներով գնահատվում է 235 միլիարդ դոլար:

Պարբերականի տվյալներով՝ վերջին օրում նրա կարողությունն աճել է 7,37 մլրդ դոլարով, իսկ տարեսկզբից՝ 5,6 մլրդ դոլարով (այս տվյալները կազմվում են ընկերությունների սակարանային արժեքի գնահատականների հիման վրա, որը յուրաքանչյուր օր կարող է աճել կամ նվազել)։

Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 193 մլրդ դոլար կարողությամբ։ Տարեսկզբից նրա ունեցվածքն աճել է 16,5 մլրդ դոլարով։ Երրորդը Facebook-ի (ներկայում՝ Meta կորպորացիա) հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է (188 մլրդ դոլար)։ Տարեսկզբից նրա միջոցների աճը ամենանշանակալիցներից մեկն է (59,5 միլիարդ դոլար): Ցուկերբերգը վարկանիշի 4-րդ հորիզոնական է մղել ֆրանսիացի Բեռնար Առնոյին՝ LVMH կորպորացիայի հիմնադրին և խոշորագույն բաժնետիրոջը․ Առնոյի ընկերությունը ներառում է տասնյակ հայտնի բրենդներ (Dior, Louis Vuitton և այլն): Տարեսկզբից նա կորցրել էր 23 մլրդ դոլար, իսկ այժմ նրա կարողությունը գնահատվում է 185 մլրդ դոլար։

5-րդ տեղում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը (154 մլրդ դոլար): Այս ընկերության մեկ այլ՝ նախկին ղեկավար Սթիվ Բալմերն 8-րդ տեղում է (143 միլիարդ դոլար): Երկուսն էլ շարունակում են մնալ ընկերության փոքրամասնության բաժնետերերը:

6-րդ տեղում է տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող Oracle ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը։ 7-րդ և 9-րդ տեղերում են Google-ի համահիմնադիրներ, նախկին ԽՍՀՄ-ից Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը (համապատասխանաբար 147 և 139 մլրդ դոլար): 10-րդ տեղում ներդրումային մագնատ Ուորեն Բաֆեթն է (136 մլրդ դոլար):

Ցուցակում ամենահարուստ ռուսաստանցին «Նորնիկել» մետաղագործական կորպորացիայի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինն է։ Նրա կարողությունը գնահատվում է 31,2 մլրդ դոլար և տարեսկզբից էապես չի փոխվել (աճել է 148 մլն դոլարով)։