Օգոստոսի 28-ին «Կինոպարկ»-ում կայացավ «Գիտունոիդ» առաջին հայկական գիտական քոմեդիի փակ դիտումը: Արմենիա հեռուստաընկերության նոր նախագիծը՝ «Գիտունոիդ»-ը նոր ձևաչափ է հայկական եթերում. այն նպատակ ունի դառնալ դպրոցականների հեռուստաընկերը՝ երեխաներին տեղափոխելով անիմացիոն աշխարհ:
Նոր նախագծի դերասանական կազմում են Անահիտ Կիրակոսյանը, Իշխան Ղարիբյանը, Մհեր Գրիգորյանը, Լիլիթ Թոխատյանը, Վահագն Գասպարյան և այլոք: Նախագծի պրոդյուսերը Ռոբերտ Մարիտիրոսյանն է, սցենարիստները Վահան Մովսեսյանը, Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է: Նախագծի գաղափարի հեղինակը և անիմացիոն հատվածի պատասխանատուն «Մեդիա Սթրիմ» գործակալությունն ու «L17» անիմացիոն ստուդիան են:
ShowBiz.am-ը ներկա է եղել փակ պրեմիերային և զրուցել նախագծի պատասխանատուների և դերասանական կազմի հետ:
«Մենք, ուսումնասիրելով դաշտը, հասկացանք, որ մեր հեռուստաեթերում երկար ժամանակ է՝ նմանատիպ մանկական նախագիծ չկա և փորձեցինք այդ քայլն անել: Ու ստացանք ժամանցային և ուսուցողական նախագիծ երեխաների համար: Պետք է շատ խիստ չդատեք, որովհետև սա դեռ ընդամենը սկիզբն է: Ես շատ կուզեմ, որ այլ հեռուստաընկերություններ, մեր օրինակին հետևելով, նմանատիպ նախագծեր անեն, արդյունքում կշահեն երեխաները»,- նշեց Ռոբերտ Մարիտիրոսյանը:

Մանկական ճանաչողական-ժամանցային նախագիծը պատմում է այլմոլորակային կայսրության արքայազն Բետելգերնորապեքս 398-րդի մասին, որի աստղաթիռը վթարային վայրէջք է կատարում Երկիր մոլորակի վրա, մասնավորապես՝ Լևոնյանների տան մոտակայքում: Պարզվում է, որ միջգալակտիկական հյուրն ամեն բան գիտի մեր մոլորակի մասին: Բացառիկ գիտելիքների համար նոր ընկերները՝ Արտեմն ու Գիսանեն, նրան կոչում են Գիտունոիդ: Այլմոլորակային հյուրի օգնությամբ երեխաները յուրաքանչյուր սերիայում գիտապտույտով հայտնվում են անիմացիոն աշխարհում և ավելին իմանում որևէ երևույթի մասին. ինչպե՞ս է գործում մարդու օրգանիզմը, ի՞նչ է ֆոտոսինթեզը, ինչպե՞ս են կառուցվել եգիպտական բուրգերը և այլն:
«Այս նախագիծն ինձ համար շատ կարևոր է նախևառաջ նրանով, որ այն առաջինն է Հայաստանում: Երկար ժամանակ չէի նկարահանվել, այնպես որ շատ պատասխանատու էր այպիսի նախագծում նկարահանվելը: Շատ հետաքրքիր, շատ ուրիշ, յուրահատուկ և էմոցիոնալ նախագիծ է ստացվել, դրա համար իսկապես ուրախ եմ, որ հենց ինձ են ընտրել, և ես եմ Գիսանեն: Իմ կերպարը բացի խելացի լինելուց նաև շատ ժամանակակից է, նա բլոգով է զբաղվում, բայց դրանցում խոսում է ոչ թե առօրյա ինչ-որ թեմաներից, այլ գիտությունից: Ծնողներիս աջակցությունը շատ մեծ է եղել, թե՛ դերը ստանալուց, թե՛ հետագայում ցանկացած հարցով առաջինը մայրիկի և հայրիկի հետ եմ խոսել, նրանցից եմ խորհուրդ հարցրել,- նշեց երիտասարդ դերասանուհի Լիլիթ Թոխատյանը:

Առանձնահատուկ է նաև այլմոլորակայինին մարմնավորած Վահագն Գասպարյանի կերպարը, նա մեզ հետ զրույցում առանձնացրեց իր դերի առանձնահատուկ և հետաքրքիր կողմերը. «Ամենաբարդ կերպարն էր, բայց ինձ թվում է՝ կարողացա պատվով դուրս գալ, իհարկե շնորհակալություն եմ հայտնում ողջ ստեղծագործական թիմին, նաև խաղընկերներիս՝ Լիլիթին և Մհերին: Թեև մեր տարիքային մեծ տարբերությանը՝ կարողացել ենք իրար հետ շատ հեշտ աշխատել: Իմ կերպարը ստեղծելը շատ բարդ էր, ինչպես հետագայում արդեն կտեսնի հեռուստադիտողը, ես այնտեղ գրեթե չեմ երևում ու խաղալ այդ հագուստով, ստանալ այլմոլորակայինի, մեզ համար էլ մի քիչ անսովոր էր: Թվում է՝ ամեն բան հեշտ է ստացվել, բայց իրականում շատ-շատ բարդ էր: Առաջին անգամ եմ ներկայանում այսպիսի կերպարով, ու ամենապատասխանատուն այն էր, որ սա անում ենք երեխաների համար, այսինքն՝ ամեն բան պետք է անես անկեղծ, որովհետև փոքրերը տեսնում, նկատում են ամեն ինչ»:
Նախագծում անիմացիոն հատվածն իրականացրել է «Մեդիա Սթրիմ» գործակալությունը, դրա ղեկավար Կարեն Մաթոսյանը նշում է, որ պատասխանատու գործ են արել՝ դաշտում համարձակ քայլ կատարելով. «Հայկական հեռուստատեսությունում այս միքսն անելը բավականին համարձակ քայլ էր, բայց Արմենիա TV-ին գնաց դրան, և մենք ստացանք, այսպես ասած, շատ լավ խառնուրդ: Անիմացիոն հատվածը բարդ էր, որովհետև պետք էր այդ կերպարներին ստանալ, հետո այնպես անել, որ դրանք շատ արագ սիրվեն բոլոր տարիքային խմբերի կողմից: Ծավալուն աշխատանքի արդյունքում նոր ժանր առաջացավ՝ համադրվեց սիթքոմը և անիմացիոն ֆիլմը: Մի քանի օրից արդեն եթերում կլինի, և կարծում եմ՝ բավականին կսիրվի: Իրականում նպատակն էր այնպես անել, որ այն ծնողները, որոնք ասում են՝ դուրս արի հեռուստացույցի, հեռախոսի միջից, այս դեպքում ասեն՝ միացրու հեռուստացույցը և նայիր «Գիտունոիդ»-ը: Կարծում եմ նախագիծը իրապես հաջողված է»:
Նախագիծը Արմենիա Հ/Ը եթերում կլինի սեպտեմբերի 3-ից:

















Նյութը՝ Լուս Ավագյանի