Հայտնի է դարձել, որ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացել է Բալմորալ ամրոցում, սակայն ավելի վաղ, քան պաշտոնապես հայտարարվել էր: Այս մասին հայտնում է Daily Star-ը:
Նրա ինքնազգացողությունը վատացել է դեռևս 2022 թվականի սեպտեմբերի 8-ի առավոտյան, սակայն թագավորական ընտանիքի ոչ բոլոր անդամներն են հասցրել հրաժեշտ տալ նրան ։
Աշխարհը թագուհու մահվան մասին իմացել է նույն օրը ժամը 18:30-ին, նրա մահվան օրը նա 96 տարեկան էր: Ընդ որում, նրա վիճակը վատացել էր դեռ առավոտից, սակայն այդ մանրամասները գաղտնի էին պահվում։
Առաջին նշանը, որ ինչ-որ արտառոց բան է տեղի ունեցել, այն էր, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում Վինձորի ամրոցից ուղղաթիռ է դուրս եկել ՝ Ուելսի արքայազնին (Չարլզին) վերցնելու Այրշիրի Դամֆրիս հաուսից, որտեղ նա անցկացրել է գիշերը:
Արքայազն Չարլզը Բալմորալ է ժամանել առավոտյան ժամը 10:30-ին, որին հաջորդել է Կամիլան մոտակա Բիրխհոլից: Թագուհու դուստրը՝ արքայադուստր Աննան, այդ պահին արդեն մոր մոտ էր։
Լրատվամիջոցները սկսեցին կասկածել թագուհու կրիտիկական վիճակի մասին միայն ժամը 12:50-ին, երբ Բուքինգհեմյան պալատը հայտարարեց, որ արքայազններ Ուիլյամը, Էնդրյուն, Էդվարդը և արքայադուստր Սոֆին ուղևորվում են Շոտլանդիա: Արքայազն Հարրին ավելի ուշ է մեկնել, բայց առանց Մեգան Մարքլի:
Թագուհին մահացել է ժամը 15:10-ին՝ «ծերության» պատճառով, ըստ մահվան վկայականի: Սակայն Բալմորալ ժամանած ընտանիքի անդամները չեն հասցրել հրաժեշտ տալ նրան։ Ուիլյամը և մյուս արքայազները վայրէջք են կատարել Աբերդինի օդանավակայանում ժամը 15:50-ին, մինչդեռ Հարրին Մեծ Բրիտանիա Է ժամանել միայն ժամը 18:45-ին:
Թագավոր Չարլզի ներկայացուցիչը պարզաբանել է, որ հասարակությունը տեղեկացվել է միայն այն բանից հետո, երբ ընտանիքի բոլոր անդամները ծանուցում են ստացել: Սակայն իր հուշերում արքայազն Հարրին գրել է, որ տատիկի մահվան մասին իմացել է BBC-ի լրագրողներից, այլ ոչ թե ընտանիքի անդամներից։ Նախօրեին հայրը զանգահարել է հեռախոսով և հայտնել թագուհու վիճակի վատթարացման մասին՝ խնդրելով իր հետ չվերցնել Մեգան Մարքլին ընտանիքի հետ լարված հարաբերությունների պատճառով: