«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմը ստեղծագործական, պրոդյուսերական կազմը Վենետիկում է: Աշխարհահռչակ Փարաջանովին նվիրված ֆիլմն իսկապես միջազգային է դարձել՝ թե աշխարհագրությամբ, թե գրանցած հաջողություններով:
Հայաստանը ներկայացնող ֆիլմը ընդգրկված է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Իսկ սեպտեմբերի 6-ին փառատոնի շրջանակներում ֆիլմի համաշխարհային պրեմիերան է: Ֆիլմի՝ հեղինակավոր փառատոնին մասնակցության առիթով, Հայաստանի դրոշը, 20 տարի անց, կրկին ծածանվում է:
Հավելենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» ֆիլմի պատվիրակությունը պրեմիերային ընդառաջ փառատոնի տնօրինության հետ հանդիպելու առիթ է ունեցել, որպեսզի ստեղծագործական թիմի անունից շնորհակալական խոսքը հայտնի:
Նշենք, որ ռեժիսոր Զառա Ջյանի վավերագրական ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա կլինեն ինչպես ֆիլմի հերոսները, այնպես էլ ստեղծագործական և պրոդյուսերական կազմը, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ Դեսպանատան ներկայացուցիչներ, Իտալիայի Հանրապետության Վենետո նահանգում ՀՀ Հյուպատոսարանի ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ներկայացուցիչներ, փառատոնի հյուրեր և միջազգային գործընկերներ:
Ֆիլմը սկսվում է հեղինակի՝ ժամանակակից ռեժիսորի որոշումիցլքել այն երկիրը, որտեղ նա ապրում է՝ կապված դրամատիկ իրադարձությունների բռնկման հետ, վերադառնալ հայրենի տուն՝ Հայաստան, որոնելու լուծումներ, թե ինչպես շարունակել ապրել: Փարաջանովի տուն թանգարանը դառնում է ոգեշնչման վայր (հիմնված իրական իրադարձությունների վրա)։ Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության միջոցով և հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր ինչպիսինն են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը և պատերազմները ազդում մշակույթի և մշակույթային գործիչների վրա, որն է գուցե միակ ճիշտ ընտրությունը տոկսիկ իրականության պայմաններում և այլն: Կյանքն ու ստեղծագործելը պետք է գոյություն ունեն՝ չնայած արգելքներին և բռնապետություններին: Ընդհանուր գաղափարների, նպատակների և լուծումների որոնում տարբեր բարիկադներում գնտվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը: Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ՝ Նորայր Կասպերը։ Ֆիլմն իրականությունից տանում է դեպի աբստրակցիա և հակառակը։ Նկարահանման ոճը պարունակում է ինչպես ակադեմիական, այնպես էլ` հեղինակային տեխնիկա։
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաև Մեծ Բրիտանիան: Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անի Որսկանյանը, Զառա Ջյանը։ Ֆիլմի ֆրանսիական համապրոդյուսերն է Ստեֆան Ժյուրդենը: Նախագծին աջակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնը, ԿԳՄՍ Նախարարությունը, ինչպես նաև ֆիլմի համաարտադրող՝ Ֆրանսիական CNC և Cine+ կազմակերպությունները։