«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու ուշագրավ մանրամասները

Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական առաջին սպորտային դրամայի՝ «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան:

Մինչ երեկոյի գլխավոր իրադարձությանը ականատես կլինեինք, ստեղծագործական անձնակազմի և դերասանների մասնակցությամբ կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկանները լրագրողներին պատմեցին իրենց անցած երկար ճանապարհի, դժվարությունների, նկարահանումների ընթացքի և այլ հետաքրքիր դիպվածների մասին:

ShowBiz.am-ը ևս ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային և ներկայացնում է ուշագրավ մանրամասները:

Ֆիլմը հայ ծանրորդ, Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը (Հարությունյան), ով նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորն ու սցենարի հեղինական է:

«Մեդալի հակառակ կողմը» հիմնված է իրական փաստերի վրա: Ավտովթարի հետևանքով ստանալով ողնաշարի լուրջ վնասվածք՝ Նազիկը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում, չնայած շրջապատի անվստահությանը, մարմանական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ ապացուցելով, որ եթե կա կամք և աննահանջ ոգի, ոչինչ անհնարին չէ:

«Մեր պատմությունը բարձրացնում է հարցեր, պատասխաններ ևս տալիս է, բայց ոչ ամբողջությամբ, դա թողնում է հանդիսատեսին: Հարցերը հետևյալն են՝ ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել և ամենակարևորը՝ որպես հայ մարդ, ինչքանո՞վ է դա նպաստում Հայաստանի Հանրապետության բարօրությանը: Կարծում եմ՝ Նազիկ Ավդալյանն այս 3 հարցերին իր օրինակով պատասխանել է: Մենք էլ մեր ֆիլմով կփորձենք այս գաղափարը տարածել մարդկանց մեջ: Իսկ իմ անունից կասեմ, որ ես իմ ամենանվիրականը դրել եմ խաղատախտակին մի նպատակով, որ այս գաղափարները տարածվեն և վերջապես լինի արվեստի, մտքի և ոգու հեղափոխություն»,- նշում է ֆիլմի ռեժիսոր և գլխավոր հերոսուհին՝ Աննա Հարությունյանը:

Սցենարի ստեղծմանը մասնակցել է նաև Նազիկ Ավդալյանը, ով Աննային վստահել է ոչ միայն իր սպորտային կյանքին առնչով դետալներ, այլ նաև անձնական կյանքին վերաբերող շատ մանրամասներ. «Իհարկե, կողքից նայելով, երբ այլ մարդիկ են մարմնավորում այն ամենն, ինչի միջով դու անցել ես, շատ տարբեր է ամեն բան թվում, բայց կարևորը գաղափարն է: Ես շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհով կարողանամ օգտակար լինել ինչ-որ մեկին, ավելի ուրախ կլինեմ, եթե շատ-շատերին կարողանամ օգտակար լինել»:

Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչ՝ Արմեն Ղազարյան:

Հայ հասարակության մեջ հայտնի և սիրված արտիստների ներառելը, ըստ Աննայի, եղել է շատ պարտավորեցնող և պատասխանատու քայլ. «Դերակատարների ընրությունն առաջնորդված չի եղել միայն հայտնիությամբ, տաղանդը նույնպես հաշվի է առնվել և ամենակրևոր տեղում է եղել: Բացի դա, սա մի պատմություն է, որտեղ իսկապես ցանկալի էր, որ մեր լավագույնները մասնակցեին՝ ըստ դերաբաշխումների: Ընտրությունը կատարել եմ անձամբ՝ Նազիկի հետ խորհրդակցելով, որպեսզի ստանամ համաձայնություն՝ արդյոք իր պատկերացումներին մոտ է, թե՝ ոչ»:

Դերասան Արտաշես Ալեքսանյանը, խոսելով իր կերպարի նշանակության և առանձնահատկությունների մասին, նշեց, որ անձամբ ճանաչում է Նազիկի մարզչին, նրա հետ երկար խոսել և քննարկել է դերը և ֆիլմում հաճախ օգտագործվում են հենց իրական մարզչի արած արտահայտությունները. «Մենք՝ մեր հասարակությունը, դեռ չի գիտակցում, թե ինչ լեգենդի հետ գործ ունենք, ինչ լեգենդար մարդ է նստած մեր կողքին, որովհետև իր օրինակը համամարդկային է: Որովհետև սա մարդկային զգացմունքների, էմոցիաների, սիրո խնդիրն է բարձրացնում: Ամենակարևոր ասելիքն այն է, որ եթե մեծ սեր չունենաս, չես հասնի այն նպատակին, ինչին ձգտում ես: Ես այս ֆիլմում մարմանվորում եմ Նազիկի մարզչի կերպարը, որը շատ բարդ խնդրի առաջ է կանգնած, որովհետև եթե բժիշկը ֆիզիկապես է բուժում, իր անձնական մարզիչը նախ հոգեպես պետք է բուժի և պետք է շատ նուրբ լարերի վրա խաղա, նեցուկ կանգնի, որպեսզի կարողանա այդ ծանր վիճակից հանել»:

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆիլմում մարմնավորում է Նազիկի ամուսնուն: Սոսը տարբեր ֆիլմերում նկարահանվելու մեծ փորձ ունի, սակայն այնուամենայնիվ կարողացավ առանձնացնել այն համոզիչ կողմը, որն իրեն ստիպեց հանձն առնել այս դերն ու մասնակցել նկարահանումներին. «Սա իմ սիրած ժանրերից մեկն էր՝ իրական հիմքերի վրա, կենսագրական պատմություն: Հետո նաև այն փաստը, որ հասարակությանը պետք է ներկայացվեր հայ կնոջ չհանձնվող տեսակը: Ես Աննայի հարցազրույցներից մեկում տեսա, որ նա ասաց՝ սա կարիերիստ կնոջ մասին չէ, և իրոք այստեղ մի նուրբ սահման կա, որ սա այդպիսի կնոջ մասին չէ, սա չհանձնվող կնոջ մասին է, ով հետևում է իր առաքելությանը»:

Աննան Նազիկի կերպարը լիարժեք փոխանցելու համար նաև փորձել է յուրացնել Գյումրու բարբառը, անդրադառնալով դրա բարդություններին, դերասանուհին կատակեց. «Ծանրաձողը բարձրացնելն ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառը յուրացնելը»:

«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմն արդեն հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:

Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Kamoblog-ի