Կուրտ Քոբեյնի դուստրն առաջին անգամ մայր է դարձել

32-ամյա Ֆրենսիս Բին Քոբեյնը և նրա ամուսինը՝ 31-ամյա Ռայլի Հոքը, երկար ժամանակ գաղտնի էին պահում իրենց ընտանիքում նոր համալրման ուրախալի լուրը։ Վերջապես նրանք կիսվել են իրենց երջանկությամբ՝ սեպտեմբերի 17-ին ծնվել է նրանց որդին։ Այս մասին զույգը հայտնել է սոցցանցում՝ տեղադրելով փոքրիկի սև ու սպիտակ լուսանկարների շարքը։

«Ռոնին Ուոքեր Քոբեյն Հոք, բարի գալուստ մեր ամենագեղեցիկ տղա։ Մենք քեզ անսահման սիրում ենք»,- լուսանկարները մեկնաբանել են երիտասարդ ծնողները։

Հիշեցնենք, որ Կուրտ Քոբեյնի դուստրը երկու անգամ է ամուսնացել։ 2014-ից 2017 թվականներին նա ամուսնացած է եղել երաժիշտ Իսայա Սիլվայի հետ, ով ապշեցուցիչ նմանություն ուներ նրա հորը։ Նրանց ամուսնալուծությունից չորս տարի անց Ֆրենսիսը կրկին սեր գտավ Թոնի Հոքի որդու հետ։ Զույգն ամուսնացել է 2023 թվականի հոկտեմբերին։