Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կկայանա ՏՏ ոլորտի WCIT 2019 միջազգային համաժողովը, որի մեկնարկը կտրվի Հանրապետության հրապարակում կայանալիք համերգով։ Համաժողովի պաշտոնական բացումը կտրվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում։ Հիշեցնենք, որ այդ առիթով Հայաստան կժամանի նաև Քիմ Քարդաշյանը։
Համերգին ելույթ կունենան WCIT սիմֆոնիկ նվագախումբը, ապա տեխնո երաժշտության առաջատար, հանրահայտ DJ Արմին վան Բյուրենը։ WCIT սիմֆոնիկ նվագախումբը կազմված է լինելու WCIT համաժողովը հյուրընկալած երկրների երաժիշտներից։
Նվագախումբը կներկայացնի 14 երկրների երաժշտական պոպուրի, որի ամբողջ ընթացքում Հանրապետության հրապարակի շենքերի վրա կցուցադրվեն երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարաններ։ Համերգի վիզուալիզացիան կհամալրվի 3D անիմացիաներով։ Համերգային ծրագրի երկրորդ մասում առաջին անգամ Հայաստանում ելույթ կունենա համաշխարհային հայտնիություն ունեցող DJ Արմին վան Բյուրենը։ Վերջինս միակ DJ-ն է պատմության մեջ, որը նոմինացվել է «Գրեմմի» մրցանակի համար: