«Մոսկվա» կինոթատրոնն՝ այսուհետ «Կինոմոսկվա»-ն, իր դռները բացեց կինոսերների համար ամիսներ տևած վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո՝ հանդիսատեսին ներկայանալով ժամանակակից նորագույն տեխնիկայի համալրմամբ, բայց չկորցնելով իր պատմամշակութային արժեքն ու տասնամյակներ ձգված պատմությունը:
«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է և այսուհետ կկոչվի «Կինոմոսկվա»: Երեկ՝ հոկտեմբերի 2-ին՝ տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացման հանդիսավոր արարողությունը և տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Ջոկեր: Խելագարություն երկուսի համար» ֆիլմի տարածաշրջանային եզակի փակ նախադիտումը: Ցուցադրությանը նախորդեցին երաժշտական և պարային ծրագիր, ինչպես նաև ցուցադրվեց հատուկ ֆիլմ՝ նվիրված «Մոսկվա» կինոթատրոնի վերաբացմանն ու վերաբրենդավորմանը։
««Կինոմոսկվան» մեր քաղաքի խորհրդանիշներից մեկն է՝ քաղաքային կոլորիտի անբաժանելի մասնիկներից մեկը: Հատկանշական է, որ 1936 թվականի իր հիմնադրումից մինչ այս պահը ներառյալ և հուսով եմ, որ դեռ տասնամյակներ հավատարիմ է մնացել ու կմնա իր հրաշքը կինոսիրողին հասցնելու սկզբնական կոչմանը: Այս իմաստով այն թերևս բացառիկ է: Սա բնականաբար մեկ մարդու, մեկ սերնդի վաստակ չէ, սա մեզ նախորդող տասնամյակների տքնաջան աշխատանքի ու երբեմն էլ անհնարինը հնարավոր դարձնելու արդյունքն է, ինչի համար փառք ու պատիվ այն բոլոր մարդկանց, ովքեր դա արել են»,- իր բացման խոսքում նշեց «Կինոմոսկվայի» տնօրեն Հովհաննես Ադոյանը:
«Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունն այս տարի նախաձեռնեց և իրականացրեց Երևանի խորհրդանիշերից մեկը հանդիսացող կինոթատրոնի ներքին հարդարման աշխատանքները՝ համաշխարհային ու տեղական կինոարտադրության ֆիլմերի դիտումն ու ժամանցը միջազգային բարձր չափանիշներով կազմակերպելու համար: Հիմնանորոգվել են բոլոր սրահները, համալրվել գերժամանակակից տեսալսողական սարքերով ու կահավորանքով։ Թարմացվել է օդափոխության և ջեռուցման համակարգը, հիմնովին բարեկարգվել են սանհանգույցները։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով «Մոսկվա» կինոթատրոնի շենքի պատմամշակութային արժեքը, արտաքին հարդարման և մաքրման աշխատանքների ժամանակ խստիվ պահպանվել է հուշարձանի ինքնատիպությունը։ Այս մասին ShowBiz.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կինոթատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Անահիտ Խաչատրյանը:
Տեխնիկական վերազինմամբ նորացվել են կինոթատրոնի և՛ ձայնային տեխնիկան, և՛ էկրանները: Տեղադրվել են կինոէկրանների արտադրության ոլորտում առաջատար Harkness Screens բրիտանական ընկերության առանձանահատուկ էկրաններ։ Լազերային պրոյեկցիայի պայմաններում դրանք ապահովում են գույնի պայծառություն և լույսի հավասարաչափ բաշխում, ինչը թույլ է տալիս դահլիճի ցանկացած անկյունից տեսնել բարձր որակի պատկեր: Կինոդահլիճներն անցնում են 4K լազերային պրոյեկցիայի․ Barco SP4K-35 4-րդ սերունդ. սա նշանակում է, որ պատկերի հստակությունն այսուհետ կապված չէ լամպերից: «Կինոմոսկվայի» դահլիճներում տեղադրվել են DOLBY CP950 նորագույն ձայնային պրոցեսորներ, որոնք թույլ են տալիս իրականացնել ձայնային կարգավորումներ նաև ATMOS տեխնոլոգիաներին համապատասխան: LUIS Wassman ձայնային համակարգը հնարավորություն է տալիս հավասարաչափ տարածել ձայնը դեպի դահլիճի նստելատեղեր՝ զգալիորեն բարձրացնելով ընկալման որակը և մեծացնելով տպավորությունը:
«Մոսկվա» կինոթատրոնը ներկայացրել է նաև իր նոր բրենդինգը, որը համատեղում է պատմությունը, մշակույթը և ժամանակակից դիզայնը։ Նոր տարբերանշանում կինոթատրոնի պատմական շենքն է՝ վերևից, որը հետաքրքիր զուգադիպությամբ ունի լատիներեն «M» տառի ձևը։ Տարբերանշանը ոչ միայն պատկերում է շենքի ճարտարապետությունը, այլև ընդգծում է դրա նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում և դերը՝ որպես սերունդների մշակութային կենտրոն։ Կինոթատրոնի նոր կարգախոսն է «Արի կինոյի աշխարհ»:
Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Kamoblog-ի