Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի է ունեցել «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան: Նախքան ֆիլմի ցուցադրությունը ստեղծագործական կազմը լրագրողների հետ հանդիպելու առիթ ունեցավ:
Ռեժիսոր Կարեն Ամյանի խոսքով՝ բարդ ճանապարհ են անցել, սակայն ունեին հստակ տեսլական: Ըստ ռեժիսորի՝ նկարահանելիս հաշվի են առել, որ երեխաներ են դիտելու, հետևաբար՝ պետք էր առավել զգոն լինեին. «Նույնիսկ գողերին այնպես էինք ներկայացրել, որ մեր սրտով լինեն, կամ օրինակ՝ թակարդի տեսարան ունեինք, որը շատ հետաքրքիր կարող էինք ներկայացնել, սակայն դա չարեցինք, քանի որ գիտակցում էինք, որ մեզ դիտելու են երեխաներ»:
Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ այս ֆիլմը տարիքային սահմանափակում չունի, այն կարող են դիտել նաև մեծահասակները. «Դեպի ճամբար» նախագիծն արդեն 4 տարի հեռուստաէկրաններին է՝ բարձր վարկանիշով ու սիրված դերասանական կազմով: Ստեղծագործական խմբի մոտ ծնվեց գաղափար ստեղծել նաև գեղարվեստական ֆիլմ՝ ավելի ուսուցողական ու նոր դերասաններով: Ֆիլմը կոմեդիայի սիրահարների համար է, երեխաների, ինչպես նաև՝ ընտանեկան դիտման»:
Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ երեխաների համար կոնտենտ պատրաստելն իսկապես բարդ է. «Ոչ բոլորն են մտնում այդ պատասխանատվության տակ։ Մենք վաղուց ունեցել ենք այդ համարձակությունը, քանի որ մենք դերասանական դպրոց ունենք, ու ամեն օր շփվում ենք երեխաների հետ ու երեխաներին մոտ կանգնած լինելով՝ պատկերացնում ենք, թե ինչ պահանջներ ունեն նրանք և ինչ հետաքրքրություններ։ Ուստի՝ մեզ համար ավելի հեշտ է արտադրել կոնտենտ, որը հասկանալի կլինի փոքր տարիքի երեխաների և դեռահասների համար»:
Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ղեկավարած «Տրիո» ստուդիոյի սանները: Գրիգորի խոսքով՝ այս ֆիլմն իր ձևաչափով իրենց կատարած աշխատանքի հաշվետվությունն է:
«Ֆիլմի գլխավոր հերոսուհին ևս մեր շատ սիրելի աշակերտուհին է՝ Մանուշակ Անտոնյանը: Նա տարիներ շարունակ սովորել է «Տրիո» ստուդիոյում ու ստացել է կրթություն. սա նաև մեր դպրոցի լավագույն հաշվետվությունն է, որ մեր աշակերտները իրենց սովորածը կարողանում են կիրառել պրակտիկայում։ Ֆիլմում նկարահանվել են բացառապես մեր ստուդիայի աշակերտները և սա մեզ համար իրոք հպարտանալու առիթ է»,- նշեց դերասանը:
Հավելենք, որ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմում նկարահանվել են Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լևոն Հարությունյանը, Լիլի Էլբակյանը, Մարիամ Ալեքսանյանը, Սամվել Թոփալյանը, Սուրեն Թումասյանը, Վաչե Երիցյանը, Վահագն Գալստյանը, Ալբերտո Դանիելյանը և այլք: