«Ես իմ էգոն ու մարդկային արժանապատվությունն եմ դրել մի կողմ, թե՛ ֆինանսներ ձեռք բերելու ճանապարհին, թե՛ աշխատանքային տարբեր հարաբերություններում: Շատ հաճախ, որ կարող էի բռնկվել, լռել եմ: Հեշտ չի եղել, բայց կոնկրետ նպատակ է եղել, որ ինչ էլ լինի այս ամենը իրականություն պիտի դառնա»,- Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման շրջանակներում, խոսելով «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ստեղծման մասին, պատմել է դերասանուհի, ռեժիսոր Աննա Մաքսիմը: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից հատվածներ:
«Ես ընդամենն ունեի 900 հազար դրամ և 500 դոլար, դրանք իմ վերջին գումարներն էին: Դա իմ անձնական գումարն էր: Աշունը չկորցնելու համար ասում էի՝ պիտի ֆիլմը սկսեմ: Ու բոլորին ասել եմ, որ գումար կա, սկսում ենք: Գնացինք Ծաղկաձոր, մինչև հասանք այդ գումարը վերջացավ: Դրանից հետո ես անգամ 100 դրամ չունեի և մարզումների գնում էի տրանսպորտով: Մեկը մեկից հիմար խոչընդոտներ էի հաղթահարում: Բնականաբար ընտանիքիցս կարող էի գումար վերցնել, չեմ ուզում զոհի կարգավիճակում ինձ ներկայացնել, բայց ինքնին տհաճ վիճակ էր: Մի քանի անգամ հիվանդացել եմ, որովհետև նույնիսկ տաքսու գումար չէի կարող տրամադրել, որ մարզումներից հետո ձմռանը՝ թաց, կիսաքրտնած, այն էլ այս տարիքում…
Հնարավոր բոլոր դռները թակեցի: Բարեբախտաբար Ազգային կինոկենտրոնն ընդունեց նախագիծը, մրցույթն անցանք և որոշակի ֆինանսավորում ստացանք:
Հիմա, երբ հետ եմ նայում, չգիտեմ, ես 2-րդ անգամ այդ ճանապարհը կանցնեի, թե՝ ոչ: Ես պրեմիերայի օրը չեմ կարողացել ֆիլմը վայելել: Նստած շարունակ մտածում էի, որ հիմա ես կարթնանամ և կպարզի, որ այս ամենը երազ է»,- պատմել է Աննան: