Երեկ թատրոնը սիրողների ու մշտապես նորությունների սպասողների համար իրական տոն էր։ Կ․ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցավ մեծ պրեմիերա: Դահլիճը լեփ-լեցուն էր դարձրել ռեժիսոր Նորա Գրիգորյանի «Save միլիոն» ներկայացումը, որում խաղում էին այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք էին՝ Մկրտիչ Արզումանյանը, Լևոն Հարությունյանը, Էվա Խաչատրյանը, Վիկտորիա Սահակյանը և Սերգեյ Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ShowBiz.am-ը պրեմիերայից օրեր առաջ զրուցել էր դերասան Մկրտիչ Արզումանյանի հետ և որոշ մանրամասներ ու հետաքրքիր դեպքեր պարզել ներկայացումից։
Հետ չմնալով քաղաքում տիրող տրամադրություններից և գույներից՝ ShowBiz.am-ը ևս ներկա է գտնվել ներկայացման պրեմիերային, դիտել զվարճալի ներկայացումը և ֆիքսել թատրոնում կատարվող թուհուբոհն ու հայտնի հյուրերին։
«Save միլիոն» ներկայացումը կատակերգություն է, որը կրում է քաղաքական նոտաներ։ Հանդիասատեսը ներկայացումը դիտելով՝ հանդիպեց իրեն արդեն վաղուց ծանոթ անուների և հայտնի դեպքերի ու արտահայտությունների, որն էլ իր հերթին այն դարձրեցին ավելի ծիծաղաշարժ և անմիջական։
Մոտ երկու ժամ տևած ներկայացումից հետո Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց, որ լարվածությունը մեծ էր, բայց անհամբերությամբ է սպասել հանդիսատեսի արձագանքին և ծափողջույններին:
Ներկայացման և ընդհանուր պատմության գլխավոր հերոսը Մամիկոնն է, ում դերը բաժին էր ընկել Մկրտիչ Արզումանյանին։ Մամիկոնը Արարատի մարզպետի՝ Աշոտ Շարմազանովիչի, ում մարմնավորում էր Լևոն Հարությունյանը, իրավաբանն ու օգնական է, ով տեղյակ էր մարզպետի բոլոր սև գործերից ու գործարքներից։ Շարմազանովիչը հեղափախությունից հետո հայտնվել էր ծանր իրավիճակում, դե, հավատարիմ օգնականն էլ փորձում էր ելքեր և հնարավոր լուծումներ գտնել «շեֆին» օգնելու համար։ Ներկայացման մեջ Վիկտորիա Սահակյանը մարմնավորում էր Մարգոյին, ում Մամիկոնը իր հետ հյուրանոցի համար էր բերել զվարճանալու նպատակով, սակայն պարզվում է՝ Մարգոն այն չէ, ինչ ներկայացել էր։ Իսկ դե էլ ինչ հյուրանոց, առանց դրա նախկին «խազեինի», ով ամեն պատեհ ու անպատեհ առիթով ներխուժում էր համար ու ամեն ինչ փչացում։ Ներկայացման վերջում էլ իր գործընկերներին միացավ Էվա Խաչատրյանը, ով Աշոտ Շարմազանովիչի կինն էր և ամեն կերպ փորձում էր ազատվել ամուսնուց։
Հանդիսատեսը ներկայացման ընթացքում հաստատ չի ձանձրանա․ նոր բացահայտումներն ու դերասանական հետաքրքիր խաղը ստիպեցին հանդիսատեսին անընդհատ սպասման մեջ գտնվել և վերջում էլ հոտնկայս ծափահարել դերասաններին, ռեժիսորին ու սցենարի հեղինակին։
«Լարվածությունը բոլորիս մոտ էր մեծ՝ առաջին անգամն էինք խաղում: Վաղը կարծում եմ՝ էլ ավելի հետաքրքիր կլինի թե´ մեզ, թե´ հանդիսատեսի համար՝ անհանգստությունը քիչ կլինի: Չեմ դժգոհում, որ այդ հատկությունն ունեմ, որովհետև կարծում եմ, որ դա միշտ օգնում է կատարելագործել աշխատանքդ: Հիմա անհամբեր սպասելու ենք արձագանքներին»,- ներկայացումից հետո իր հույզերով կիսվեց Մկրտիչ Արզումանյանը։
Ի դեպ, «SaveՄիլիոն» ներկայացումը հնարավոր է, որ ժամանակ առ ժամանակ ենթարկվի փոփոխությունների՝ հաշվի առնելով տվյալ շրջանի քաղաքական իրադրությունն ու հերոսներին:
Հեղինակ՝ Լուս Ավագյան