Դերասան, ով շատ առաջարկներ է մերժում, չի նկարահանվում ամեն նախագծում և ահա շուտով կրկին կլինի էկրանին: Ալեքսանդր Բաբասյանն, ով վերջին շրջանում ընդհանրապես չէր երևում էկրանին, ինչպես ինքն է նշում, անգամ մեծ հոնորարների դիմաց գլխավոր կերպարներ կերտելուց էր հրաժարվում, այսուհետ կնկարահանվի «Պատվից առավել» հեռուստասերիալում: Մանրամասներն ու նկարահանման հրապարակում կրկին հայտնվելու իր էմոցիաների մասին դերասանը պատմել է ShowBiz.am-ին:
«Առաջարկը ստացել եմ իմ շատ սիրելի Ելենա Արշակյանից. ինձ համար սարսափելի դժվար է Ելենային մերժելը, քանի որ շատ-շատ ենք աշխատել միասին, քանի որ մեր միասին ու համատեղ բոլոր նախագծերն էլ ստացված են եղել, և նա ինձ շատ հարազատ դարձած մարդ է: Ես ու Ելենան միշտ կարողանում ենք միասին ստեղծել ռեյտինգային պրոեկտներ, և քննարկումներից հետո, սցենարին և իմ կերպարին, ինչն ամենակարևորն է ինձ համար, ծանոթանալուց հետո էլ եկանք համաձայնության»,- պատմում է Ալեքսանդրն ու մեծ ոգևորությամբ նշում, որ իր նկարահանման առաջին օրը ռեժիսորի ողջ աշխատանքն իր վրա է վերցրել Ելենան, իր կողքին է եղել, օգնել, աջակցել ու քաջալերել. չէ՞ որ որքան ժամանակ է՝ Ալեքսանդրը չէր նկարահանվել և, բնական է, որ մի փոքր հետ էր վարժվել. «Չեմ թաքցնի՝ մի փոքր լարվածություն ու անհանգստություն կար, բայց դա նորմալ է և բնական. անչափ շնորհակալ եմ Ելենային ողջ ընթացքում իմ կողքին լինելու համար»:
Խոսելով այն կերպարի մասին, որով կներկայանա Ալեքսանդրը՝ նա նշեց, որ իր համար կարևոր է գլխավոր դերում ներկայանալը. «Ես ծնված եմ միայն ռեյտինգային նախագծերում նկարահանվելու և գլխավոր դեր խաղալու համար: Սիրում եմ միշտ ես լինել «կինոյի տղեն» և որ այդ կինոն իմ շուրջը ծավալվի: Այս անգամ ես չեմ կերտի ամենագլխավոր կերպարին, քանզի գլխավոր դերի համար պետք է շաբաթվա բոլոր օրերը տրամադրես նկարահանումներին՝ մոռանալով ընտանիքին ու ընկերներին, սակայն հետևելով կտեսնեք, որ բոլոր գործողություններն ու դերային խաղերը պտտվելու են իմ շուրջը, անմիջական կապ եմ ունենալու բոլոր կերպարների հետ. հակառակ դեպքում՝ ես չէի նկարահանվի: Կերպարս հեղինակավոր ու արդար մի մարդ է, ով մի քիչ քրեական հեղինակության է հիշեցնում՝ արդար ու ազնիվ: Բոլորը նայելու են իմ կերպարին և արդար ու ճիշտ ապրելու ցանկություն են ունենալու»:
Կա՞ր արդյոք մտավախություն նկարահանման հրապարակում անհարմարություն զգալու թե ոչ՝ դերասանը պատասխանեց. «Ինձ մոտ մտավախություն երբեք չի լինում. ես իմ տեսակով շատ ինքնավստահ եմ: Վստահ եմ, որ անգամ ամենաչստացվող բանը կարող եմ անել: Ես գիտեմ իմ հնարավորությունները, չափն ու սահմանը»,-ասում է դերասանը:
Անձնակազմից քչերի հետ է աշխատել, կան շատ նոր ծանոթություններ, սակայն չկա մտավախություն, քանի որ դերասանն իրեն համարում է ընկերասեր, իսկ սերիալում նկարահանվող դերասան Սուրեն Փահլևանյանի հետ վաղուց են մտերիմ ընկերներ:
Դերասանից հետաքրքրվեցինք արդյո՞ք մինչ այս հետևել է սերիալի ընթացքին թե ոչ. «Չեմ հետևել սերիալի զարգացումներին, սակայն «Ինստագրամ» և «Ֆեյսբուք» սոցիալական կայքերում աչքովս միշտ ընկել են դրվագներ և հասկացել եմ, որ բարձր վարկանիշ է վայելում: Բացի դա, ես հաճախ եմ հետևում՝ տեսնելու համար արդյո՞ք գրանցվում է աճ դերասանների մոտ, ինչպես են խաղում, և կարող եմ ասել, որ չեմ գնահատում նրանց, ովքեր իրենց վրա չեն աշխատում՝ իրենց կարիերայում ավելիին հասնելու և կատարելագործվելու համար»:
Դերասանի հետ խոսեցինք նաև իր տարբերվող և հետաքրքիր արտաքինի մասին, որ սկսվեց դեռ «Կայարան» հեռուստասերիալից, և շատերը այդ սերիալից հետո փորձեցին նմանվել նրան. «Ես չեմ վախենա և վստահ կասեմ, որ «Կայարան» հեռուստասերիալի ժամանակ այդպիսի սանրվածքով և արտաքինով, երբ ես ներկայացա հեռուստադիտողին, դերասանների 5 տոկոսն անգամ նման արտաքին չունեին: Սերիալից հետո նկատեցի, որ փորձում են նմանվել: Ես դրա մեջ, բնավ, վատը չեմ տեսնում: Իհարկե, պետք է միշտ փորձել նայել, սովորել, ինչու ոչ նմանվել. ես բոլորին սիրում ու հարգում եմ, բայց, ամեն դեպքում, կասեմ, որ դրա հեղինակը ես եմ»,-ծիծաղով նշում է դերասանը:
Նյութը՝ Կիմա Միրզոյանի