«Միսս Տիեզերք»-ի կազմակերպիչները պարզաբանել են՝ ինչու թույլ չեն տվել Իրինա Զախարովային մրցույթում Հայաստանը ներկայացնել

Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել նրա վերաբերյալ, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան (ազգությամբ ռուս-Խմբ.) չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։

Հայտարարության համաձայն՝  մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:  Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», – ասվում է հայտարարության մեջ:

Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հարցերի պատճառով:

«Ցավոք պետք է տեղեկացնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթի հաղթող Իրինա Զախարովան չի կարողանա մեկնել Մեխիկո մասնակցելու «Միսս Տիեզերք» մրցույթին: Մենք երկար նախապատրաստական փուլ ենք անցել և յուրաքանչյուրս վճռական էր լավագույնս ներկայանալու: Այնուամենայնիվ, ընտանեկան հանգամանքների պատճառով Իրինան ստիպված էր դժվարին որոշում կայացնել՝ հրաժարվելով մրցույթին մասնակցությունից: Շնորհակալ ենք բոլորին՝ այս դժվարին շրջանում աջակցության եւ հասկանալու համար: Իրինան շատերի համար ոգեշնչման աղբյուր է, եւ վստահ ենք՝ առջեւում նա շատ հնարավորություններ կունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք Հայաստան» մրցույթն այս տարի անցկացվել էր Մոսկվայում: Մրցույթի անցկացման իրավունքները ձեռք է բերել Յուլիա Պավլիկովան: Ոլորտի հայ մասնագետներն ավելի վաղ իրենց դժգոհությունն էին հայտնել առ այն, որ մրցույթում Հայաստանը պետք է ներկայացներ ազգությամբ ոչ հայ մասնակից: