Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար

«Послание к человеку» («Ուղերձ մարդուն») 34-րդ միջազգային կինոփառատոնում համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակը կտրվի հայ և համաշխարհային կինոյի հսկաներից մեկին՝ հանճարեղ հայ ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանին։ 

Քննադատները Փելեշյանին անվանում են «մարդ, ով նորից հորինել է կինոյի օրենքները, կինոյի տարրական մասնիկ, ինչպես Ձիգա Վերտովը և Սերգեյ Էյզենշտեյնը»:

Փելեշյանի «Տարածական մոնտաժի» մեթոդը դասավանդվում է աշխարհի կինոդպրոցների մեծ մասում, իսկ նրա ֆիլմերը ցուցադրվում են խոշոր մշակութային վայրերում՝ Նյու Յորքի MoMA-ից մինչև Բեռլինի և Վենետիկի փառատոները:

Կինոփառատոնի կայքից տեղեկանում ենք, որ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար մրցանակը Արտավազդ Փելեշյանին կհանձնվի հոկտեմբերի 26-ին «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոնի 34-րդ մրցանակաբաշխության ժամանակ։

Արտավազդ Փելեշյանը վաղուց է հրավիրվել փառատոնին ներկա գտնվելու համար։ Միայն այս տարի է դա հնարավոր եղել։ Հոկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգի կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ և նրա «Տարվա եղանակները» (1975 թ.), «Մեր դարը» 1982 թ.) և «Կյանք» (1993 թ.) ֆիլմերի ցուցադրությունը։

Աղբյուր` Panorama.am