Հատուկ «խելացիների» համար. Voice of Turan մրցույթում հաղթած Սյուզաննա Մելքոնյանի արձագանքը՝ քննադատություններին

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ով օրեր առաջ հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում, ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է քննդատություններին, մասնավորապես՝ «իսկ ինչո՞ւ պիտի մեր երգչուհին այնտեղ լիներ, շատ ու շատ սխալ քաղաքականություն է այդպիսի մրցույթներին մասնակցելը»։

«Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ  կարողացա Հաղթել ու  ծածանել ԵՌԱԳՈՒՅՆԸ:

Հատուկ «խելացիների» համար՝

Սա երգի միջազգային մրցույթ էր, որտեղ 19 երկիր էր մասնակցում։ Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»։ Ի դեպ, երգի հեղինակը ժյուրիի  նախագահն էր, ով էլ հանձնեց ինձ մրցանակը։ 

Սա ԲԱՑԱՌԱՊԵՍ արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ  ենթատեքստ չկա ու չի կարող լինել , քանի որ պրոֆֆ մասնագետներ էին աշխատում։
Շնորհակալ եմ Ձեզ ադեկվադ ու ճիշտ գնահատականի համար։
Ինչպես միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ»,- գրել է Սյուզաննա Մելքոնյանը։  

«Voice of Turan» երգի միջազգային մրցույթում» անցկացվել է  Ղազախատանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում։

Մրցույթն անցկացվել է հինգերորդ անգամ։ Մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Հայաստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից։ Ընտրվել են այն երգիչները, ովքեր հաջողությունների են հասել միջազգային մրցույթներում։