Հայկական եթերի ամենաինտելեկտուալ հեռուստախաղի 6-րդ եթերաշրջանի՝ «Ոսկե լիգայի» հաղթողը հայտնի է: Արմենիա Հ/Ը «Ամենախելացին» հեռուստախաղի նախորդ 5 եթերաշրջանների 96 լավագույն մասնակիցները մրցում էին «Ոսկե լիգայում»: Ինտելեկտուալ մրցապայքարի եզրափակչում Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի սան Աննա Թովմասյանը կարողացավ իր գիտելիքով արժանանալ «Ամենախելացին» տիտղոսին:
Աննան կմեկնի Զագրեբ Nikola Tesla ընկերության գլխամաս, որտեղ մեկ շաբաթվա ընթացքում կտեսնի, թե ինչպես են ստեղծվում նորարարությունները, ինչպես է աշխատում տեխնոլոգիական կենտրոնը, կծանոթանա ղեկավարության հետ: Բացի այս Աննան ստացավ նաև 1մլն դրամ կրթաթոշակ:
Հետաքրքիր, ուսուցողական ու ինտելեկտուալ. այսպես են բնորոշում «Ամենախելացին» նախագծի աջակիցները, որոնք իրենց լավագույնս դրևորած մասնակիցների համար պատրաստել էին հատուկ մրցանակներ:
Արարատ Սահակյանը, որը ամենատեղեկացվածն էր Վիլիամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը, կուղևորվի Միացյալ Նահանգներ՝ Ֆրեզնո, Սարոյանի տուն-թանգարան: Արարատի խոսքով Սարոյանի պետք է շատ կարդալ. «Իրականում Սարոյանին կարելի է շատ-շատ ուսումնասիրել, ես կարդացել եմ նրա գրեթե բոլոր ստեղծագործությունները, ու փորձել բացահայտել Սարոյանին»:
Նազենի Հովհաննիսյանի խոսքով, 6 եթերաշրջանների ընթացքում բացահայտվեցին նոր սերնդի ամենախելացիները, բայց «Ոսկե լիգան» տարբերվում էր բոլոր անցած եթերաշրջաններից:
««Ամենախելացին» նախագիծը բաց հարթակ է, որտեղ յուրաքանչյուրը կարող է դրսևորվել յուրովի: Ամենախելացին նախագիծը ցույց տվեց, որ մերօրյա հերոսը ինտելեկտուալ երիտասարդն է և ստեղծեց վստահություն՝ նոր սերնդի հանդեպ», – ասաց Նազենի Հովհաննիսյանը:
Հատուկ մրցանակ ստացավ նաև Կարեն Մնացականյանը,ով իրեն լավագույնս դրսևորեց Ֆիզիկա անվանակարգում: Կարենը ստացավ նոթբուք և ուղևորություն դեպի ՌԴ՝ Ռուսատոմի ձեռնարկություններ, որտեղ նրան սպասվում է տեղեկատվական հագեցած շրջայց:
«Շատ լավ էի պատրաստվել և ցանկանում էի ցույց տալ, որ մեր երկրում կան երիտասարդներ, որոնք գերազանց գիտելիքներ ունեն ֆիզիկայից», – նշեց Կարենը:
Մրցանակային էր նաև Ֆինանսներ անվանակարգը. Հաղթողը Հրաչյա Թումանյանն է: Հայաստանի գլխավոր դրամատանը Հրաչյային սպասվում է երկամսյա աշխատանքային փորձառություն, ինչպես նաև խաղի վերջում նա ստացավ արժեքավոր հուշամեդալ:
Հայկական ամենավարկանիշային ինտելեկտուալ նախագծի «Ոսկե լիգայի» բոլոր մասնակիցները կմասնակցեն նաև Սևան Ստարթափ Սամմիթ 2019-ին, իսկ հաղթողը Աննան՝ հնարավորություն կունենա մասնակցելու նաև մեկ տարվա ընթացքում Հայաստանի սահմաններից դուրս անցկացվող բոլոր Seaside Startup Summit-ներիին:
Լուսանկարները՝ Նարեկ Խաչատրյանի
Աղբյուրը՝ Life.tert.am