«Երբ ֆիլմում 4-5 վայրկյան հնչում է Հայաստանի օրհներգը, մութ դահլիճում բոլորը ոտքի են կանգնում». Արա Ղազարյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի մասին

Լոս Անջելեսում կայացել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան: Գրում է Tert.am-ը:

««Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի այսօրվա ցուցադրությանը հանդիսատեսը ծափահարում էր անդադար ու հոտնկայս: Ֆիլմի հեղինակը՝ Աննա Հարությունյանն ու հերոսուհին՝ Նազիկ Ավդալյանը «հաղթել» էին իրենք իրենց:

Աննան, որովհետև սեփական անկումային ծանր ճգնաժամից հետո ստեղծել էր արվեստի գործ, որ հաջորդ տասնամյակներում էլ կպատմի սպորտի հայ չեմպոնի հերոսական պատմությունը: Երբ շատերը մոխրանում են, քչերն են վեր հառնում հետո: Աննան դա արեց արվեստի լեզվով, չվախեցավ:

Նազիկը հաղթեց ինքն իրեն, քանի որ թույլ տվեց էկրանավորել սեփական «փակ», անձնական պատմությունը, անգամ ամուսնու հետ հարաբերությունները։ Բոլոր հաշվարկներով նա պետք է, որ դա չաներ, բայց արեց ու չսխալվեց:

Ֆիլմը հաղթած ֆիլմ է, որովհետև հենց հիմա մեզ պետք են հերոսներ ու հաղթանակներ»,- ցուցադրությունից հետո ինստագրամյան իր էջում գրել է հաղորդավար Մհեր Բաղդասարյանը:

Ֆիլմին անդրադարձել է նաև պրոդյուսեր, հաղորդավար Արա Ղազարյանը.

«Նայեցի «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը: Հուզիչ էր, ստացված, սիրուն, ճաշակով, անվախ ու ազնիվ: Դրա համար էլ հաջողված էր:
Ֆիլմի դիտման ժամանակ իմ համար հերթական անգամ ակնհայտ դարձավ մի կարևոր ու պարզ ճշմարտություն.

Մենք կարոտել ենք հաղթանակների ոսկե ժամանակները:
Մենք հերոսներ ու հաղթանակներ ենք փնտրում ու երբ ֆիլմում 4-5 վայրկյան հնչում է Հայաստանի օրհներգը կինոդիտման մութ դահլիճում բոլորը ոտքի են կանգնում:

Ֆիլմի ստեղծողներին՝ հատկապես Աննա Հարությունյանին և իրական հերոսուհուն՝ աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին հոտնկայս ծափահարող դահլիճը՝ կարոտած հաղթնակներին, որակյալ ֆիլմերին ու իրական հերոսապատումներին երջանիկ էր, քանզի ազգային արժանապատվության և գիտակցության հրաշք պահեր ապրեց, հուզվեց, առանց ամաչելու արտասվեց ու մաքրված գնաց տուն: Կեցցեք»,- ինստագրամյան իր էջում գրել է Արա Ղազարյանը: