Ֆրանսիացի միլիարդատերը սուպերմարկետի մոտ «մենամարտի» է կանչել համացանցային տրոլին

Ֆրանսիացի միլիարդատեր Քսավյե Նիլը Մարսել քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտ «մենամարտի» է կանչել համացանցային տրոլին: Այս մասին գրում է Daily Star-ը։

Մայիսին X սոցիալական ցանցի մի օգտատեր գրել էր Նիլին. «Ես ատում եմ քեզ: Արի՛, ինձ հետ դեմ առ դեմ կռվիր Սենթ փողոցում գտնվող Lidl սուպերմարկետի մոտ»։

Ըստ ամենայնի, միլիարդատերը միայն վերջերս է տեսել այս գրառումը։ Ի պատասխան նա հրապարակել է մի տեսանյութ, որը տեսագրել է Lidl խանութի մոտ և ասել իրեն ատողին. «Դե որտե՞ղ ես։ Ուզո՞ւմ ես հանդիպել ավտոկայանատեղիում»։

Սրան սկզբնական գրառման հեղինակը պատասխանել է՝ նշելով, որ գլխացավ ունի, ուստի չի կարողանա դուրս գալ «մենամարտի»: Նա «մենամարտի» հաղթող է հռչակել Նիլին։

57-ամյա Քսավյե Նիլը Ֆրանսիայում, Իտալիայում և Լեհաստանում կապի ծառայություններ մատուցող Iliad  հեռահաղորդակցային ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է։ Նրա կարողությունը 2021 թվականի դրությամբ Forbes-ը գնահատում էր 10,2 միլիարդ դոլար։ Նիլը համարվում է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։