Ամանորի հրաշքը Երևան մի փոքր շուտ է հասել. երեկ Կինոմոսկվայում կայացավ «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարիստը՝ Անահիտ Մխիթարյանը:
ShowBiz.am-ը ներկա է եղել ֆիլմի փակ ցուցադրությանը և ներկայացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու լուսանկարները:

Ֆիլմի գլխավոր ասելիքն ու մեսիջն այն է, որ երազնքները կատարվում են: Ֆիլմում փոքրիկ Եվայի ու ընկերների անհավանական պատմություններն են: Եվան երազում է նկարահանվել ֆիլմում: Արդեն մի քանի անգամ մասնակցել է տարբեր քասթինգների, բայց ոչ մի անգամ հաջողության չի հասել: Այս անգամ երազանքը իրականացնելու համար Եվան պատրաստ է ամեն ինչի ու դրա համար երկու կարևոր պատճառներ ունի: Առաջին՝ նկարահանվում է նոր տարվա կինո, իսկ Նոր տարին Եվայի ամենասիրած տոնն է: Երկրորդ՝ Եվան արդեն ասել է ընկերներին, որ իրեն են ընտրել ու հետդարձի ճանապարհ չկա: Կա ընդամենը մի քանի ամիս երազանքին հասնելու համար: Շատ պատահական, բայց նաև ճիշտ ժամանակին Եվան նկուղում գտնում է տոնածառի խաղալիքների մի տուփ, որի մեջ յոթ խաղալիքների համար նախատեսված հատվածներ կան, բայց ընդամենը մի խաղալիք: Եվան տատիկից իմանում է, որ եթե գտնի մնացած վեցը, իր երազանքը կիրականանա:
Տոնածառի խաղալիքները գտնելու համար Եվան ու Եվայի ընկերը պտտվում են Հայաստանի շրջաններով, ծանոթանում նոր մարդկանց հետ, ու բոլորին վարակում Եվայի երազանքով: Ճանապարհորդությունը ուղեկցվում է արկածներով, սարսափելի ու նաև շատ ուրախ պատմություններով: Եվային ու Հայկին միանում է նաև Անապայից ժամանած Փիրուզը, որ մինչև վերջին պահը, ընկեր ձևանալով, փորձում է տիրանալ տուփին: Այն պահին, երբ գրեթե ամեն ինչ վերջացած է ու շուտով վերջին խաղալիքը պիտի հայտնվի կախարդական տուփի մեջ, պարզվում է որ 7-րդ խաղալիքը մնացել է մի վայրում, որտեղ, ցավոք, անհնար է հասնել:

Մեզ հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ելենա Արշակյանը խոսեց նկարահանումներից, ֆիլմի բովանդակությունից և իր երազանքից. «Իրականում մի գաղտնիք բացեմ, մենք երբ ֆիլմի վրա աշխատում էինք, չէինք ընդգրկել ընդհանուր Արցախը, մենք արել էինք միայն Շուշին: Հետո, ցավոք, փոխվեց ամեն ինչ: Ես կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը հոգու խորքում հավատում է հրաշքների: Իսկ հրաշքի համար ամենալավ ժամանակը Նոր տարին է, այնպես որ երբեք չպետք է դադարենք հրաշքների հավատալ:
Քանի որ ֆիլմն առհասարակ կարելի է համարել մանկական, մենք վստահ ասում ենք, որ այն բոլորիս մասին ու բոլորիս համար է: Ես շատ կուզեմ, որ երեխաները տեսնեն այս ֆիլմը, ծանոթանան մեր մարզերի հետ, միգուցե ինչ-որ մեկի մոտ հետաքրքրություն առաջացնի և որոշի գնալ Վանաձոր, Կապան, Գյումրի… Կարծում եմ, որ այսպիսի ֆիլմերի բաց կա հայկական կինոինդուստրիայում, և թող անհամեստ չհնչի, մենք առաջիններից ենք, որ նկարհանեցինք այսպիսի ֆիլմ Նոր տարվա մասին»:

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը խոսեց ֆիլմի մեսիջի և կարևորության մասին. «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ աշխարհում բոլոր հեքիաթները մեծերի համար են, որևէ հեքիաթ փոքրերի համար չէ: Մեծերն ավելի շատ բան են սովորում դրանից: Մեր ֆիլմի միակ մեսիջը, որն ուզում ենք հասնի տեղ, դա կարևորելն է սեփական երազանքը, բայց դրա հետ մեկտեղ նաև տեսնել, հաստատ իմանալ, թե որն է ամենակարևոր երազանքը, որովհետև կան փոքր երազանքներ ու կան մեծ երազանքներ: Ես ուզում եմ, որ բոլոր նրանք, ովքեր կգան նայելու, երբեք չդադարեն երազել և երբեք հանկարծ կասկած չունենան, որ ինչ-որ բան կարող է անհնար լինել»:

Ֆիլմում նկարահանվել են Լիանա Վանոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լիա Զախարյանը, Վիկտորյա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Գրետա Մեջլումյանը, Անահիտ Քոչարյանը, Զառա Սահակյանը, Արթուր Կարապետյանը, Արսեն Լևոնյանը, Ռաֆայել Հարությունյանը, Աշոտ Հովհաննիսյանը և շատ ուրիշներ:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Վիկտոյան, պատմեց իր երազանքից ու հագեցած նկարահանումներից. «Իրականում, երբ իմացա, որ նման ֆիլմի առաջարկ ունեմ, միանգամից՝ առանց երկար մտածելու համաձայնել եմ, որովհետև Ելենա Արշակյանի ֆիլմերը միշտ ինչ-որ կարևոր իմաստ ու խորհուրդ են ունենում: Ես, մեր ֆիլմը նայելով, ևս մեկ անգամ համոզվեցի, որ եթե հավատաս ու պայքարես, ամեն բան իրոք կստացվի: Դեռ 6 տարի առաջ, երբ այս ասպարեզում չէի, երազում էի, որ այս ոլորտում կարողանամ գտնել ինձ, քանի որ շատ փոքր տարիքից երազել եմ դերասանուհի դառնալ:
Մինչ նկարահանումները կային մարզեր, որ դեռ չէի եղել: Ամեն բան շատ հետաքրքիր էր անցնում. մեծ անձնակազմով պտտվել ենք, եղել են շատ ցուրտ, շատ շոգ նկարահանումների օրեր, բայց մենք աշխատել ենք, ու ամեն բան շատ հետաքրքիր է եղել»:
«Նոր տարվա կինո»-ն այսօրվանից հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:
































Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի