Շակիրան պատահական հետևորդին ավտոմեքենա կնվիրի, որը նրան հիշեցնում է Ժերար Պիկեի մասին

Շակիրան մտադիր է բաժանվել այն մեքենայից, որը հայտնվել է իր ավտոտնակում Ժերար Պիկեի հետ բաժանության ժամանակ։ Երգչուհին ցանկանում է արագ ազատվել թանկարժեք մեքենայից, որն այժմ նրան հիշեցնում է իր կյանքի դեպրեսիվ շրջանը։

2022 թվականին արտիստը ձեռք է բերել հատուկ մանուշակագույն Lamborghini։ Նա մեքենան նվեր է ստացել հեռուստաալիքից։ Այժմ երգչուհին սոցցանցի իր էջի բաժանորդների շրջանում մեքենա է խաղարկում։

«Դա պաշտոնական է! Ես իմ մեքենան նվիրում եմ նրան, ով կցանկանա ունենալ այն և անմոռանալի պահեր վայելել այն մարդկանց հետ, ում սիրում է ամենաշատը»,- մրցույթի մեկնաբանությունում գրել է երգչուհին։ Նա նշել է, որ սա գովազդ չէ և ոչինչ գնելու կարիք չկա։ Խաղարկության միակ պայմանն այն է, որ մասնակիցները լինեն չափահաս:

Հիշեցնենք, որ Շակիրան ու Ժերար Պիկեն սկսել են հանդիպել Waka Waka երգի տեսահոլովակի նկարահանումից հետո, որը դարձավ 2010 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության հիմնը։ Չնայած երկարատև հարաբերություններին՝ զույգը պաշտոնապես ամուսնացած չէր։ Նրանք բաժանման մասին հայտարարեցին 2022 թվականի ամռանը։ Նախկին սիրահարները միասին երկու որդի են դաստիարակում` Միլանին և Սաշային: