Մահացել է ֆրանսիացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Նիլս Արեստրուպը

75 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Նիլս Արեստրուպը: Այս մասին մրա կինը և մամուլի քարտուղարը հայտնել են AFP-ին:

Արեստրուպին համաշխարհային համբավ են բերել Ժակ Օդիարի «Իմ սիրտը դադարել է բաբախել» և «Մարգարեն» ֆիլմերում դերերը, որոնց համար դերասանը ստացել է «Սեզար» մրցանակ «երկրորդ պլանի լավագույն դերասան»անվանակարգում: «Իմ սիրտը դադարել է բաբախել» դրամայում Արեստրուպը մարմնավորել է կիսաքրեական բիզնեսի սեփականատիրոջը, որը վերավաճառում է լքված տները՝ անխնա վտարելով այնտեղ հաստատված անօրինական ներգաղթյալներին և ստիպում է իր որդուն ՝ Թոմին, որ նույնը անի: «Մարգարեն» բանտային թրիլերում, որը ստացել է Կաննի 62-րդ կինոփառատոնի Գրան պրին և 9 «Սեզար» մրցանակ, Նիլս Արեստրուպը խաղացել է կորսիկացիների խմբավորման առաջնորդի դերը, որը վախի մեջ է պահում մնացած բանտարկյալներին:

Դերասանի մասնակցությամբ վերջին ֆիլմերից են՝ «Վերադարձ Մոնտաուկ», «Լազուրե ափ», «Սիրուց հետո»: