«Հետո ես ինքս ինձ ասացի՝ ոչ, քանի որ դու սկսում ես կրկնել ինքդ քեզ, սպառվել ու անհետաքրքիր դառնալ հանդիսատեսի համար»,- ասել է դերասան Արթուր Կարապետյանը LIFEROOM հաղորդման ժամանակ՝ խոսելով սերիալներում չնկարահանվելու պատճառների մասին։
Նա նշել է, որևէ մեկին չի մեղադրում, որևէ խնդիր չունի սերիալ հասկացության հետ, եթե դա արվում է լավ։
«Ինձ համար գերադասելի են մինի սերիալները, որտեղ գիտես ողջ սցենարը, գիտես՝ ինչ ես խաղալու։ Իսկ սերիալում սկսում ես, հետո չգիտես՝ ինչ ես խաղալու։ Ինձ պետք է իմանալ սկիզբը և վերջը, որպեսզի կարողանամ այս արանքը լցնել ճիշտ, բերեմ տրամաբանական ավարտի։ Այս դեպքում կոմպրոմիսը հանցավոր է։ Դու մտնում ես հեռուստադիտողի տուն։ Չէ՞ որ խոսքն ուժ ունի, երբ դու նրան վատ բան ես մատուցում, փչացնում ես նրա հոգին, նրա միտքը, նրա ներսը։ Շատ մեծ պատասխանատվություն է։ Որպես արվեստագետ, մտածող դերասան ես ունեմ իմ սկզբունքները։ Ես գիտեմ՝ խոսքի, իմ արվեստի ուժը, ազդեցությունը։ Երբ կոմպրոմիսի ես գնում, ասում ես՝ լավ, սա այսպես ասեմ, արդեն դու զիջում ես ու ասում ես սխալ բան։ Ես փորձում եմ դա կանխել շատ հաճախ»,-նշել է նա։
Դերասաննն ասել է՝ եղել են դեպքեր, երբ վիճել է սցենարիստի, ռեժիսորի հետ՝ նշելով, որ այս բառը չի կարելի ասել։
«Ես ունեմ պատասխանատվություն հանդիսատեսի առաջ, թե ինչ եմ ցույց տալիս։ Շատ հաճախ մեր եթերից հնչում են խոսքեր, որոնք փչացնում են մեր կյանքը, կեղտոտում են հանդիսատեսի ներսը»,-ասել է Արթուր Կարապետյանը։
Աղբյուր` Panorama.am