Հովհաննես Դավթյանն անակնկալ է պատրաստում իր տարեդարձի առթիվ: Չնայած առիթը նրանն է, սակայն շնորհավորանքներ ստանալու փոխարեն նախընտրում է պատմել իր կյանքից` հենց բեմից: Ըստ դերասանի՝ «40. հոբելյանական stand up»-ն ամենաինքնակենսագրական ներկայացումն է լինելու: Պրեմիերան կայանալու է տարեդարձից օրեր անց՝ հունվարի 11-ին և 12-ին:
«Ծնունդս հունվարի 9-ին է, բայց ամեն դեպքում փորձում եմ խուսափել այդ օրն առանձնահատուկ նշելուց: Ինչ վերաբերում է այս stand up-ին, ապա փորձել եմ անդրադառնալ կյանքի տարբեր փուլերին»,- Showbiz.am-ին ասաց Հովհաննես Դաթվյանը:

Դերասանի խոսքով՝ իր նախորդ ներկայացումը նույնպես շատ է սիրվել, հնարավոր է, որ կրկին դրանով հանդես գա.
«Retro stand up»-ը 10 անգամ ներկայացրել եմ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այսինքն՝ 8000 հանդիսատես Երևանում ներկայացումը դիտել է: 6 sold out ենք ունեցել Միացյալ Նահանգներում: Շուտով կմեկնեմ եվրոպական երկրներ՝ Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա: ՌԴ մեկնելու նպատակ ևս կա: Հենց այս ամիս «Retro stand up»-ը կներկայացնեմ Գյումրիում, Վանաձորում:Հանդիսատեսը շատ է ծիծաղում և նոստալգիա ապրում: Ամենաստացված ներկայացումներից մեկն է, սակայն հիմա պետք է պատրաստվել 40-ամյակին նվիրված ներկայացմանը»:
Ըստ դերասանի՝ սցենարի վրա դեռ աշխատում են. «Իհարկե, «ողնաշարը» ունենք, բայց շատ ավելացումներ պետք է արվեն, հումորները՝ մշակվեն: Փուլեր կան, որ պարտադիր անցնում ենք՝ նախքան հանդիսատեսի դատին հանձնելը: Վստահ եմ, որ այս ներկայացումը կլինի ինտերակտիվ և, ինչպես միշտ, կշփվեմ հանդիսատեսի հետ. անակնկալներ ևս կլինեն (միգուցե այլ մարդկանց տեսքով)»:

Խոսելով տարիքից՝ Հովհաննեսը նշեց, որ իր կարծիքով ամենածաղկուն շրջանում է.
«Ընդհանուր առմամբ, ասում են, որ 40-ը կյանքի 2-րդ փուլն է: Ըստ իս՝ մարդու կյանքի ամենածաղկուն շրջանն է, հնարավոր է, որ մինչ 40-ը էներգիայի, առողջության ու այլ նմանատիպ հարցերում ավելի կայուն ես, սակայն շատ բաներ դեռ չես ստեղծել ու շատ բաների հնարավորություններ կարող է դեռ չունենաս: Հետո արդեն շատ բաներ ես ստեղծում, միայն թե, էներգիան նախկինի պես չի լինում: 40-ը, կարծես, բալանսի շրջան լինի, երբ երկուսն էլ ունենում ես: Կարողանում ես ստեղծել, ունենալ, վայելել կյանքը և աշխատանքը»:
Դերասանի խոսքով՝ շատ անելիքներ ունի, որոնք պետք է իրականացնի, այդ թվում՝ նաև շրջագայելը:
«Վերջերս ԱՄՆ-ում էի: Իսկապես հրաշալի օրեր ունեցանք: Ինձ եկել էին դիտելու մարդիկ, ովքեր մեր հումորը հասկանալու խնդիր չունեն: Շատ գոհ հեռացան դահլիճից: Իհարկե, սա և շատ ուրախացնող է, և շատ պարտավորեցնող: Պետք է շարունակեմ շատ աշխատել»,- եզրափակեց դերասանը:

Նյութը՝ Լուս Ավագյանի