«Ծնկի իջա և Աստծուն աղաչեցի, որ էլ չտանջվի. այդ երեկո նա հանգչեց». Էվելինա Շահիրյանը՝ ամուսնու հիվանդության մասին

«Ես ամուսնուս կորցրեցի այն վատ տարիներին և ինձ շատ մեղավոր եմ զգում, որովհետև ինքը շատ երկար ժամանակ հիվանդ էր և իրեն հատուկ սնունդ էր պետք, որ ես չէի կարող տալ: Ես ինձ շատ մեղավոր եմ զգում: Այսօր շատ է եղել, որ մի պատառ վերցրել եմ ու զգացել եմ, որ ես իրեն չեմ տվել, բայց դա իրեն պետք էր:

Նրա պակասը շատ եմ զգում, ավելի շատ, քան առաջ: Ուզում եմ ասել, որ այն, ինչ այսօր ունենք, պահպանենք: Ափսոսում եմ, որ շատ բան կար, որ  իրեն պիտի ասեի, բայց չասացի, շատ բան պիտի անեի, որ չարեցի: Գնահատենք այն մարդկանց, ովքեր մեր կողքին են: Ինչու չէ՞, ամեն օր մարդուն ասենք, որ սիրում ենք իրեն: Դա շատ կարևոր է»,- «Կյանքի ուղիներով» հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Էվելինա Շահիրյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Հիշում եմ, երբ ամուսինս հիվանդանոցում էր, 3 ամիս գիշեր-ցերեկ իր կողքին էի, բայց թատրոնում փարձեր ունեի: Բուժաշխատողները ջուր էին տաքացնում, պայմաններ էին ստեղծում, որ ես կարողանամ թարմանալ, գնալ փորձի:

Ժպտալով գալիս էի փորձի, երբեք չէի ուշանում փորձից, որովհետև դա իմ աշխատանքն է: Ես կարողանում եմ թաքցնել, ու կարծում եմ, որ պետք չէ ուրիշի վզին փաթաթել քո վիշտը: Նույնիսկ իմ մոտ հարազատները շատ ժամանակ չգիտեն, թե ինչ է կատարվում իմ ներսում:

Արդեն 27 տարի է, նա չկա, բայց ավելի խորն եմ զգում ցավը: Երբ արդեն գիտեի, որ ոչ մի հույս չկա, Աստվածաշունչը դրեցի գրկին, ծնկի իջա և Աստծուն աղաչեցի՝ եթե այսքան է տված իրեն կյանք, թող չտանջվի: Ու այդ երեկո ինքը հանգչեց:

Դրա մասին ոչ ոքի չեմ ասել:Ու չգիտեմ՝ ճիշտ եմ արել, թե սխալ: Ինքը արդեն տանջվում էր, ես խնդրեցի Աստծուն, որ էլ չտանջվի»,-պատմել է դերասանուհին: