Ամերիկյան կինոակադեմիան ներկայացրել է «Օսկար»-ի հավակնորդների շորթլիստը

ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիան դեկտեմբերի 17-ին հրապարակել է 10 անվանակարգում «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների շորթլիսթը՝ կարճ ցուցակը: Այս մասին նշված է «Օսկար» մրցանակաբաշխության կայքում։

«Լավագույն արտասահմանյան գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում հաղթանակի համար հավակնում է 15 կինոնկար. դրանց թվում են բրազիլացի ռեժիսոր Ուոլթեր Սալեսի «Ես դեռ այստեղ եմ» (I’m still here), կանադացի ռեժիսոր Մեթյու Ռենկինի «Ունիվերսալ լեզու», ֆրանսիացի Ժակ Օդիարի «Էմիլիա Պերես» (Emilia Pérez), դանիացի ռեժիսոր Մագնուս ֆոն Հոռնի «Ասեղով աղջիկը» (The Girl with the Needle), չեխ ռեժիսոր Իրժի Մադյի «Ալիքները» (Waves), իսլանդացի Բալտասար Կորմակուրի «Հպում» ֆիլմերը, ինչպես նաև կինոնկարներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Լատվիայից, Նորվեգիայից, Պաղեստինից, Թաիլանդից, Սենեգալից։

Հայաստանից այս անվանակարգում առաջադրված ֆիլմը՝ Էդգար Բաղդասարյանի «Յաշան և Լեոնիդ Բրեժնևը», չի ընդգրկվել հավակնորդների ցուցակում։

«Լավագույն երաժշտություն» անվանակարգում ներկայացված են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Մարտահրավերներ նետողները» (Challengers), «Կոնկլավ» (Conclave), «Վայրի ռոբոտը» (The Wild Robot), «Բիթլջուս-Բիթլջուս» (Beetlejuice Beetlejuice), «Գլուխկոտրուկ 2» (Inside Out 2) ֆիլմերը:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի շորթլիսթում ընդգրկված են «Բիբիի ֆայլերը» (The Bibi Files), «Սև արկղի օրագրերը» (Black Box Diaries), «Դահոմեյ» (Dahomey), «Ֆրիդա» (Frida), «Հոլիվուդգեյթ» (Hollywoodgate), «Ճենապակյա պատերազմ» (Porcelain War) կինոնկարները:

Բացի այդ, հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդները ներկայացված են «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Լավագույն գրիմ և սանրվածք», «Լավագույն երգ», «Լավագույն կարճամետրաժ մուլտֆիլմ», «Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ձայն», «Լավագույն տեսողական էֆեկտներ» անվանակարգերում:

«Օսկար»-ի 97-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թ. մարտի 2-ին։ Այն վարելու է ամերիկացի հաղորդավար, կատակերգու Քոնան Օ’Բրայենը։

«Օսկար»-ի կարող են առաջադրվել այն ֆիլմերը, որոնք մրցանակաբաշխությանը նախորդող օրացուցային տարվա առնվազն յոթ օրն անընդմեջ գտնվել են Լոս Անջելեսի կինովարձույթում: Օսկարի արձանիկը ներկայացնում է ասպետի, որը կանգնած է կինոժապավենի կոճի վրա և առջևում երկար սուր է պահում: Դրա բարձրությունը 34 սմ է, քաշը՝ 3,85 կգ։ Մրցանակը շնորհվում է 23 անվանակարգերում։