Տեղի կունենա «ԲԵՄ» խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան

2025թ-ի հունվարի 16-ին «Կինոմոսկվա»-ում կկայանա կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից համատեղ արտադրված «ԲԵՄ» (STAGE) խաղարկային լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան։

«ԲԵՄԸ» արվեստի մեծ բաղադրիչով, կրքի, զոհաբերության և կատարելության փնտրտուքի մասին էմոցիոնալ լիցքավորված պատմություն է, որտեղ անձնական ու մասնագիտական հավակնությունները միահյուսվում են անվերջանալի ինտրիգների, սիրո և դավաճանության սարդոստայնի մեջ՝ բալետի անողոք աշխարհում: 

Գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լևոնյանը, Վիվյեն Բոստանջյանը, Ֆրիդա Յորքը, Սոս Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հանովերի պետական բալետի մենապարուհի Լիլիթ Հակոբյանը, գերմանուհի Լաուրա Շլեզինգերը:

Ֆիլմում հնչում են կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասսիի, Նիլս Ֆրահմի ստեղծագործությունները, նաև Կոմիտաս՝ Լիլիթ Նավասարդյանի մեկնաբանությամբ։

«Բեմ»-ը Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որի դեմ 2019թ-ին քրեական գործ է հարուցվել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հաղորդագրության հիման վրա, ինչը դարձել է ֆիլմի ռեժիսորի 31-օրյա հացադուլի պատճառ, ՀՀ կառավարությանն ուղղված՝ հայկական կինոյի պետական կառավաման ոլորտում բարեփոխումներ սկսելու պահանջով։ 

2020թ-ին քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սակայն կինոկենտրոնի պաշտոնյաները դատական հայց են ներկայացրել քննչական մարմինների դեմ՝ նրանց մեղադրելով հանցանքը քողարկելու մեջ։ 2024թ-ին, քրեական դատարանն ամբողջությամբ արդարացրել է քննիչներին և վերահաստատել, որ ֆիլմի ռեժիսորի գործողություններում բացակայում է հանցակազմի նվազագույն կասկածի շեմը։

2024թ-ին ՀՀ Կառավարությանը դադարեցնել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի գործունեությունը, հայտարարելով իրավահաջորդ կառույցի՝ Հայաստանի կինոյի Հիմնադրամի ստեղծման մասին։

Ֆիմի տարիքային սահմանափակումը 16+ է:  Սցենարի հեղինակներն են Մարինե Զաքարյանը, Հովհաննես Գալստյանը։ Պրոդյուսերները՝ Անի Գալստյանը, Լաուրա Քլևերը (Գերմանիա), Ադոլֆ Էլ Ասսալը (Լյուքսեմբուրգ), Նեժիմ Գլազգո-Մաեդան (Բրիտանիա), Կարեն Ծատուրյան, Միհրան Ստեփանյանը և Հովհաննես Գալստյանը։

Բեմադրող ռեժիսորը ևս Հովհաննես Գալստյանն է։ Ֆիլմի հայաստանյան դիստրիբյուտորն է Շարմ Հոլդինգը, համաշխարհային դիստրիբյուտորը՝ Վադի մեդիան (Լուքսեմբուրգ)։  Երևանյան պրեմիերային հաջորդելու է «ԲԵՄ» ֆիլմի վարձույթը Երևանի և ՀՀ մի շարք քաղաքների կինոթատրոններում, փետրվարից՝ պաշտոնական դիստրիբուցիան Բենիլյուքսի երկրներում և միջազգային ցուցադրումները՝ Բրազիլիայում, ԱՄԷ-ում, Ֆրանսիայում, ՌԴ-ում։