«Միայն բարձր տրամադրությամբ, դրական լիցքերով լցված եմ փորձել հաղթահարել մեր ընտանիքի համար այդ բարդ փուլը: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փորձություն տրվում է մարդուն ավելի ուժեղանալու համար»,- խոսելով՝ Հրանտ Թոխատյանի առողջական խնդիրների ու այդ բարդ փուլը հաղթահարելու մասին, «Իմունիտես» հաղորդման շրջանակներում պատմել է դերասանուհի Լուիզա Ներսիսյանը:
Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից հատվածներ:
«Կարծում եմ մեր ընտանիքի դեպքը եզակի չէր ու պետք չէ դրան շատ դրամատիկ կերպով նայել:
Այդ պահին հասկանում ես, որ կա խնդիր և պետք է դա լուծել ամբողջ ընտանիքով: Այն, ինչ պլանավորված էր, չեղյալ է հայտարարվում ու սկսվում է նոր էտապ՝ իր թելադրած բոլոր կանոններով:
Ու, եթե ըմբոստանաս, դեպրեսիայի մեջ ընկնես, ոչնչով չես կարող օգուտ տալ: Իսկ, երբ կարողանում ես ուժերդ հավաքել, հասկանալ, որ կա խնդիր, որը պետք է լուծել, այդ ժամանակ սառնասրտություն է մտնում քո մեջ, բայց դրա հետ մեկտեղ չես կորցնում կյանքի հանդեպ սերն ու ամենակարևորը՝ շրջապատին չես ծանրաբեռնում քո խնդիրներով, որոնք միայն քոնն ու քո ընտանիքինն են:
Մենք բոլորս մեր ընտանիքում հենց այդ կարգախոսով ենք ապրում:
Հիմա կարողանում եմ սրա մասին խոսել, որովհետև գիտեմ, որ խնդիրը հաղթահարված է: Շատ ընկերներ ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, չեմ բացվում: Ես փոքրուց այդպիսին եմ եղել, կյանքի բոլոր դժվարություններն ինքս եմ հաղթահարել»,- պատմել է Լուիզա Ներսիսյանը: