«Չեմ ուզում, որ ինձ ասեն դերասան, Միքայել Պողոսյանի, Դավիթ Հակոբյանի կողքին ես ի՞նչ դերասան». Արտյոմ Կարապետյան

«Ճանաչված լինելը հեշտ է, սիրված լինելը մի քիչ դժվար է, բայց մնալ ճանաչված ու սիրված՝ դա ամենադժվարն է»,- Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Արտյոմ Կարապետյանը: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Երբ ինձ ասում են դերասան, ես երբեմն վատ եմ զգում: Երբ նայում ես ով է դերասանն ու քեզ դնում ես իր կողքը, հասկանում ես, որ դերասան չես: Ասում եմ՝ ի սեր Աստծո, ինձ մի ասեք դերասան:

Մեծ փորձ ունեմ, բայց ես չունեմ դերասանի կրթություն: Դերասանը մասնագիտություն է, որը սովորում են, ձեռք են բերում:

Ես սովորել եմ իմ փորձով ու աշխատանքով: Ես չեմ ուզում, որ ինձ ասեն դերասան, որովհետև ես ճանաչում եմ Միքայել Պողոսյանին, Դավիթ Հակոբյանին, նրանց կողքին ես ի՞նչ դերասան:

Երբ 1-2 բաժակ խմած են լինում, վաստակավոր կամ ժողովրդական էլ են ասում»,- պատմել է Արտյոմ Կարապետյանը: 

Նա նաև նշել է, որ կյանքի տարբեր փուլերում շինարարությամբ է զբաղվել և հիմա նունպես զբաղվում է: