«Ծնողներիս միասնությունը եղել է պարբերաբար: Ես ծնվել եմ բաժանումից հետո, երբ նրանք կրկին միացել էին: Հորս հետ շատ չեմ շփվել փոքր տարիքում, որովհետև իմ ծնվելուց հետո նորից բաժանվել են:
Դպրոցական տարիքում են նորից միացել ու ես արդեն հասուն տարիքում էի, գիտակցում էի, փորձում էի թողնել նրան իմ սիրտ, բայց ինչ-որ բան խանգարում էր, որովհետև այդ բաժանումն ազդել էր»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով ծնողների բաժանման ու մանկական տրավմաների մասին, պատմել է հեռուստահաղորդավար Տիգրան Հարությունյանը: Tert.am Life-ն առանձնացրել է մի հատված:
«Ես փորձում էի նրան գտնել մայրիկիս կամ քրոջս մեջ, որովհետև նրանք են ինձ թև ու թիկունք եղել: Եթե բակում ինձ ինչ-որ մեկն ինչ-որ բան էր ասում, անմիջապես քրոջս՝ Ագապիին էի ասում, գալիս, կռիվ էր անում ինձ համար»,- նշել է Տիգրանը: Նա նաև հիշել էր, որ փոքր տարիքում բավական գեր է եղել, ինչի պատճառով հաճախ բուլինգի է ենթարկվել:
«Շատ-շատ էի ուտում: Վաղ տարիքում անգամ բժշկի էին ինձ տանում դրա համար: Չափից շատ էի ուտում, որկրամոլ էի: Դա դաժան հետևանքներ էր թողնում իմ մանկության տարիների վրա, որովհետև պարբերաբար ծաղրում էին, բակի տղաները ավելորդ ռեպլիկներ էին բաց թողնում կապված իմ գեր լինելու հետ:
Ես դա շատ ծանր էի տանում: Մի քիչ ավելի հասուն տարիքում վախենում էի Ագապիին դրա մասին ասել, որովհետև ի՞նչ է նշանակում քույրիկդ իջնի, բակի տղաների հետ տղայական խոսակցությունների մեջ մտնի և այլն:
Հայրս այդ ժամանակ չկար, մեզ հետ չէր ապրում: Հետո ավելի հասուն տարիքում հայտնվեց: Ագապին դպրոցական տարիքում հայր չունենալու խոսակցությունների հետ կապված անպայման ուզում էր, որ հայրս վերադառնա: Մայրս հանուն մեզ կրկին միացավ հորս հետ:
Հետո քիչ-քիչ սկսեցի ընկերանալ նրա հետ: Հետո նա պարբերաբար հպարտանում ու պարծենում էր, որ Տիգրանն իր որդին է: Ուղակի ես չհասցրեցի նրա սերը վայելել, չստացվեց: Հայրս զինվորական է եղել, Արցախյան պատերազմից հետո, երբ Շուշին հանձնեցին, հրաժարվեց իր դողարայքն ընդունել: Նա քիմիայով բուժվում էր:
Այդ մասին խոսելն ինձ համար շատ ծանր ցավ է, որովհետև բազում չասված խոսքեր ու չարված գործողություններ կան՝ գրկախառնություն, միասին զբոսանքներ և այլ»,- անկեղծացել է նա: