Հունվարի 9-ին Հովհաննես Դավթյանը նշում էր իր 40-ամյակը: Օրեր անց դերասանը նախընտրեց իր համար կարևոր տարեդարձը նշել նաև հանդիսատեսի հետ՝ ներկայացնելով «40. հոբելյանական stand up»-ը:
«Փորձել եմ անդրադառնալ տարբեր տարիքներին և կյանքի փուլերին: Ի տարբերություն մյուս ներկայացումների՝ այս մեկն ավելի ինքնակենսագրական է, բայց հուսամ՝ մարդիկ կհասկանան, որ իմ մեծարման երեկոն չէր: Պարզապես ներկայացրել եմ կյանքիս տարբեր դրվագները»,- Showbiz.am-ին ասաց դերասանը:
Ըստ Հովհաննեսի՝ երեկոները ստացված էին, ավելին՝ մինչ օրս նամակներ է ստանում:
«Վայելել եմ երեկոները, թեպետ մոնոներկայացման համար բավական բարդ դահլիճ է, չնայած դրան՝ զգում եմ, որ ամեն անգամ ավելի հմտացած եմ լինում, որպես դերասան կարողանում եմ դինամիկ երեկո ապահովել: Առհասարակ, հայ հանդիտատեսը բավական խստապահանջ է, եթե չի հավանում, ապա հայտնում է իր դժգոհությունը: Իսկ ես մինչ օրս միայն դրական խոսքեր եմ լսում, ինչը փաստում է, որ երեկոները ստացվացված էին: Հնարավոր է, որ այս ներկայացումը փոքր դահլիճներում ևս ներկայացնեմ»,- ասաց Հովհաննես Դավթյանը:
Հովհաննեսի խոսքով՝ թեպետ 40-ամյակը չի նշել, սակայն տարիքը պարզապես թիվ է.
«Ասում են, որ 40-ը կյանքի 2-րդ փուլն է: Ըստ իս՝ մարդու կյանքի ամենածաղկուն շրջանն է, հնարավոր է, որ մինչ 40-ն էներգիայի, առողջության ու այլ նմանատիպ հարցերում ավելի կայուն ես, սակայն շատ բաներ դեռ չես ստեղծել ու շատ բաների հնարավորություններ կարող է դեռ չունենաս: Հետո արդեն շատ բաներ ես ստեղծում, միայն թե, էներգիան նախկինի պես չի լինում: 40-ը, կարծես, բալանսի շրջան լինի, երբ երկուսն էլ ունենում ես: Կարողանում ես ստեղծել, ունենալ, վայելել կյանքը և աշխատանքը: Ինչ վերաբերում է նոր ծրագրերին, ապա տարիքը ոգեշնչում է, որ ավելի մեծ, նշանակալի ու արժեքավոր բաներ ստեղծես թե կյանքում, թե աշխատանքի մեջ»,- ասաց նա:
Վերադառնալով 40-ամյակը նշելու սնահավտությանը՝ Հովհաննեսը հավելեց. «Սնահավատ չեմ, բայց, ինչպես ցանկացած մարդ, հոգու խորքում մի քանի տոկոսով փորձում եմ շրջանցել դրանք: Փորձում եմ այնպես անել, որ դրանք ինձ չդիպչեն»,- եզրափակեց դերասանը:
Հավելենք, որ Հովհաննեսը բեմից հետադարձ հայացք գցեց իր անցած տարիներին, արխիվային լուսանկարներ ներկայացրեց, ինչպես նաև շփվեց հանդիսատեսի հետ, որոնց թվում էին մայրը, դասընկերները և համակուրսեցիները:






Նյութը՝ Լուս Ավագյանի