«Բոլորը մտածում են, որ իրենց մանկությունն ավելի լավն էր, բայց մի բան անհերքելի է, որ հեռախոսի ու ինտերնետի աշխարհը շատ հետաքրքիր է, կլանում ու տանում է: Դրա դեմ երեխայի հայրը և առհասարակ բոլորն անզոր են: Մեր ժամանակ գիրք էր»,- «3-րդ մուտք» նախագծի շրջանակներում ասել է Արմքոմեդիի համահեղինակ Նարեկ Մարգարյանը: Գրում է Tert.am-ը:
Խոսելով 90-ականների առանձնահատկությունների մասին՝ նա նշել է, որ 90-ականներին մի յուրահատուկ պահ կար, որ թեև բոլորը շատ վատ էին ապրում, բայց իրար հետ ավելի լավ էին:
«Ես շատ լավ հիշում եմ հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելը, որովհետև մենակ այդ հարևանն էր, որ տրոլեյբուսի գծից «լևի» լույս էր քաշել և բոլորը դրա մասին գիտեին ու գնում, նայում էին:
Հետո, երբ տեսուչը գալիս, ասում էր՝ ձեր շենքում ո՞վ է նման բան արել, բոլորը «պահում» էին:
Փոքր բաների վրա ուրախանալը, իրար ավելի լավ ճանաչելը շատ հաճելի էր: Հիմա, եկեք անկեղծ լինենք, այդ թվում և ես, մեր մուտքի մեծ մասին չեմ ճանաչում, կամ դեմքով տեսել եմ, բայց չգիտեմ:
Չգիտեմ, լավ է, թե վատ, երևի վատ է»,- ասել է Նարեկ Մարգարյանը: